Վերջին օրերին հրեա ծայրահեղականները Facebook-ին պատկանող հավելվածում գաղտնագրված հաղորդագրություններ փոխանակելու եւ հարձակումների նպատակով ստեղծել են ավելի քան 100 նոր խմբեր: Անցյալ չորեքշաբթի WhatsApp-ի նոր ալիքում հայտնվել է հաղորդագրություն ՝ «Մահ արաբներին» վերնագրով, որով իսրայելցիներին կոչ էր արվում միանալ Իսրայելում Պաղեստինի քաղաքացիների դեմ զանգվածային փողոցային պայքարին, գրում է NYT-ը:
Մի քանի ժամվա ընթացքում հայտնվել են WhatsApp-ի տասնյակ նոր խմբեր` նույն հաղորդագրության այլ տարբերակներով: Այնուհետեւ երեկոյան ժամը 6-ին խմբերը բախում են կազմակերպել Իսրայելի ափին գտնվող Բաթ Յամ քաղաքում:
«Միասին մենք կազմակերպում եւ միասին գործում ենք», - ասվում է WhatsApp խմբերից մեկի հաղորդագրության մեջ: «Հրավիրեք ձեր ընկերներին միանալ խմբին, քանի որ այստեղ մենք գիտենք, թե ինչպես պաշտպանել հրեաների պատիվը»:
Այդ երեկո ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էին տեսարաններ, որոնցում սեւազգեստ իսրայելացիները կոտրում էին մեքենաների պատուհանները եւ շրջում Բաթ Յամի փողոցներում: Ամբոխը մեքենայից դուրս է բերել մեկ մարդու, որին սխալմամբ արաբ էին համարել եւ ծեծել մինչեւ անգիտակից վիճակի հասցնելու աստիճան: Մարդը ծանր վիճակում հոսպիտալացվել է: Սա ամբողջ Իսրայելում նման տասնյակ դեպքերից մեկն է, որոնք իշխանությունները կապել են WhatsApp-ում հրեա ծայրահեղականների ակտիվության աճի հետ: Անցյալ շաբաթ իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ բռնությունների ալիք ծավալվելուց ի վեր՝ առնվազն 100 նոր WhatsApp խմբեր են ստեղծվել, որոնք բացահայտ նպատակ ունեն բռնություն գործադրել պաղեստինցիների նկատմամբ, ասվում է New York Times-ի եւ FakeReporter-ի վերլուծություններում:
The Times-ի վերլուծության համաձայն՝ վերջին շաբաթվա ընթացքում WhatsApp-ի՝ «Հրեական գվարդիա», «Վրեժխնդրության զորքեր» եւ նման այլ անվանումներ ունեցող խմբերում օրական հարյուրավոր նոր անդամներ են ավելացել: Պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, հավելել է, որ ոստիկանությունը չի հայտնաբերել պաղեստինցիների շրջանում նման WhatsApp խմբերի ձեւավորում: WhatsApp-ի խոսնակը հայտարարել է, որ հաղորդագրությունների փոխանակման ծառայությունը մտահոգված է հրեա ծայրահեղականների գործունեությամբ: Նա ասել է, որ ընկերությունը ջնջել է որոշ օգտվողների հաշիվներ, որոնք եղել են նման խմբերի մասնակիցներ:





























