Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 20-ի նիստում որոշում կայացրեց «ԲԱՐԻ ԱՐԵՎ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2021 թվականի մայիսի 14-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել 3 տարի ժամկետով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն «ԲԱՐԻ ԱՐԵՎ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին, նրա կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսված են երեք 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանների կառուցման և շահագործման համար՝ ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտի մարզերում։
Արևային կայաններից երկուսը գտնվում են Արագածոտն մարզի Արագածոտն համայնքում և մեկը Գեղարքունիքի մարզ Աստղաձոր համայնքում։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ Risen Energy ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ (www.risenenergy.com), որոնց հզորության նվազեցումը չի գերազանցում տարեկան 0.5%-ը: Նախագծում օգտագործվելու են Huawei ընկերության արտադրության ինվերտորներ (փոխակերպիչներ):
Արևային վահանակների շարժական կրող կոնստրուկցիան կներմուծվի Arctech ընկերությունից։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին, առկա են ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի կողմից շնորհված էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) երեք լիցենզիաներ։
Ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 4․7 մլրդ դրամ։ Ներդրումների մոտ 80% արդեն իսկ իրականացվել է, այդ թվում ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել հողամասեր (76 մլն դրամ), իրականացվել է շինարարություն և կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց (3,552 մլն դրամ), ինչպես նաև նախագծային աշխատանքներ (66 մլն դրամ)։Ներդրումների իրականացումը սկսվել է 2019 թվականին և նախատեսվում է ավարտել սույն թվականի երրորդ եռամսյակում։
Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 871 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 250 հազ․դրամ միջին աշխատավարձով:





























