Երեւանում այսօր` հունիսի 24-ին ժամը 10-ից Հայազն Երիտասարդների Միաբանությունը կազմակերպում է երթ եւ նստացույց ի պաշտպանություն ազատագրված տարածքների:
Երթը կսկսվի Կոնսերվատորիայի այգուց` Կոմիտասի արձանի մոտից, այնուհետեւ երթի մասնակիցները կքայլեն Բաղրամյան փողոցով դեպի նախագահական նստավայր, որտեղից նույն փողոցով կհասնեն դեպի Հանրապետության հրապարակ:
Ժամը 12.00-ին Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կսկսվի Միաբանության 24-ժամյա նստացույցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Միաբանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի, խնդրով զբաղվող միջազգային օղակների մեկնաբանություններից հայտնի է, որ ստորագրության նախապատրաստվող փաստաթուղթը պարունակում է հանձնարարություն արտաքին գերատեսչություններին պատրաստելու հաշտության համաձայնագրի վերջնական տարբերակը, որը կներառի Արցախի հարավում եւ արեւելքում ավելի քան չորս հազար քառ.կմ տարածքի առաջնահերթ հանձնում հակառակորդին, Քարվաճառի աստիճանական հանձնում եւ «վերջին փուլում միջանցքի (Բերձորի հատվածի) կարգավիճակի որոշում»: Համաձայնագրի մեջ կան այլ անընդունելի կետեր կապված Շուշի քաղաքում եւ մի շարք այլ բնակավայրերում ադրբեջանցի թուրքերի բնակություն հաստատելու, հայկական զորքերի փոխարեն խաղաղապահների տեղակայման, նաեւ Արցախում հաստատված թուրքերի մասնակցոությամբ նոր, անիմաստ հանրաքվեի մասին:
Բոլոր այս կետերը բացարձակապես մերժելի են: Դրանց ստորագրումը կկործանի Արցախը, կկործանի ողջ Հայաստանը, կկործանի հայ ժողովրդին: Վճռական ենք եւ վստահ ենք, որ մեր սերունդը դա թույլ չի տա»:




























