ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը եւ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել են Բարձրագույն որակավորման կոմիտե՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին եւ քննարկելու ոլորտում բարեփոխումների հնարավոր տարբերակները։
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի եւ աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է «սեւ» ընդդիմախոսների համակարգին, գիտական աստիճանաշնորհման կարգի հնարավոր փոփոխություններին, մասնագիտական խորհուրդների գործունեությանը: Վահրամ Դումանյանը նախ կարեւորել է այդօրինակ հանդիպումները՝ փաստելով, որ դրանք առկա խնդիրների մասին համակողմանի պատկերացում կազմելու եւ դրանց շուրջ անկաշկանդ քննարկում ծավալելու եւ լուծումներ նախանշելու հնարավորություն են ընձեռում:
«Մասնագիտական խորհրդի անդամների եւ «սեւ» ընդդիմախոսի մասնագիտական արժանապատվությունը եւ որակները չպետք է կասկածի տեղիք տան, հակառակը նշանակում է փոփոխությունների անհրաժեշտություն: Գիտական աշխատանքների պաշտպանության գործընթացի հուսալիությունը չափազանց կարեւոր է: Պետք է բացառել կաշկանդվածությունը, եւ «ով «սեւ» ընդդիմախոս չէ, կաշկանդված է» երեւույթը: Այո՛, այս ոլորտում անհրաժեշտ է լինել բծախնդիր, սակայն այդ բծախնդրությունն էլ պետք է լինի իմաստավորված եւ տրամաբանության սահմաններում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը եւ ընդգծել, որ հնարավոր բարեփոխումները պետք է համապատասխանեն հայաստանյան ներկայիս գիտական ներուժին:
ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները եւ բարեփոխումների տեսլականը: Նրա խոսքով՝ փոփոխությունների համար նախ պետք է հստակ գնահատել ոլորտի ներկայիս վիճակը. «Կարեւորում ենք Գիտության կոմիտեի հետ համատեղ աշխատանքը՝ ներկայիս ներուժը եւ արտասահմանում բնակվող մեր հայրենակից գիտնականներին պաշտպանության գործընթացներում ներգրավելու հնարավորությունները հասկանալու տեսանկյունից, քանի որ չափանիշներ ու պահանջներ սահմանելուց առաջ պետք է հստակ հասկանանք՝ արդյո՞ք դրանք համապատասխանում են մեր ունեցած հնարավորություններին»:
Խոսելով գիտական աշխատանքների պաշտպանության հուսալիության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն առաջարկել է դիտարկել ոլորտային նեղ մասնագետների ներգրավվածությամբ մեկանգամյա մասնագիտական խորհուրդներ կազմելու հնարավորությունը, ինչը, փոխնախարարի խոսքով, կբարձրացնի գործընթացի արդյունավետությունն ու անաչառությունը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ բարեփոխումների բոլոր ձեւաչափերն անհրաժեշտ է շարունակաբար քննարկել եւ միայն դրանց արդյունավետության նկատմամբ լիակատար վստահության դեպքում կատարել կանոնադրության վերանայումներ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ գիտական աստիճանավորման համար սահմանված պահանջների արդիականացմանը, կոմիտեի՝ գիտական պարբերականների նկատմամբ քաղաքականությանը, գիտական աշխատանքների թեմատիկ վիճակագրությանը վերաբերող եւ ոլորտային այլ հարցեր:
«Թեմաները զգայուն են, չկան պարզ լուծումներ, բայց կա մշտապես զգոն եւ բարեփոխումների հարցում ճկուն լինելու անհրաժեշտություն»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը եւ շնորհակալություն հայտնել անկեղծ ու շահագրգիռ քննարկման համար:





























