ՀԱՊԿ-ի որեւէ ֆորմատում մենք ներգրավված չենք, ես ՌԴ պետդումայի խոսնակին ուղիղ ասել եմ, որ մենք ակնկալում ենք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովից հստակ աներկբա արձագանք, հայտարարություն, որ ՀԱՊԿ անդամ երկրի սահմանը, շփման գիծը չպետք է խախտվի եւ անդամ պետության տարածքից պետք է դուրս գան ադրբեջանական զորքերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ի պատասխան մեզ ասվել է, որ իրենց դիրքորոշումը համապատախանում է Հայաստանի դիրքորոշման հետ առ այն, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան այդ տարածքից: Իսկ Նիկոլ Փաշինյանը մեզ չի ասել, թե ինչ են իրեն առաջարկել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ հայկական կողմն ակնկալում էր երեք օրվա ընթացքում ստանալ ՀԱՊԿ-ի եւ ՌԴ-ի արձագանքը բայց ի պատասխան առաջարկում են հանձնաժողով ձեւավորել, սահմանազատում սկսել, ՌԴ-ն խոսում է միջնորդ լինելու պատրաստականության մասին, Մարուքյանն ասաց. «Լավ կլիներ այդ հարցը տայիք ԱԽ քարտուղարին, որը հեղափոխության մասին գիրք էր գրում, այդքան ազատ ժամանակ ուներ նախքան պատերազմը: Ես կարող եմ ասել, որ ճիշտ էր դիմել ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին եւ մենք այդ դիմումները ներկայացվել են: Թե ինչ ենք ստացել, ես չգիտեմ, Պուտինի հետ ես չեմ խոսում, խոսում է Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ միջնորդ լինելուն, ապա այստեղ հարց է առաջանում՝ եթե դուք ձեր տունը չպաշտպանեք, ձեր հարեւանին կարո՞ղ եք խնդրել, որ ձեր տունը պաշտպանի, ինչքան էլ լավ հարեւան լինի: Մենք մեր սահմաններին զորք չենք ունեցել:
ՀԱՊԿ-ի արձագանքի մասին մենք տեղեկություն չունենք: Հայկական կողմը ռազմական գործողություն է իրականացնում, չեն աջակցո՞ւմ: Հայկական կողմն իր զինուժը կուտակել է երկու ուղղություններով, որ եթե հանկարծ տեղի ունենա էսկալացիա, մեր ԶՈՒ-ն այնտեղ են: Դրանից զատ ի՞նչ է քննարկվում, քննարկվո՞ւմ է արդյոք, որ եթե մենք սկսենք կրակել, դուք մեզ հետ կկրակե՞ք, թե ոչ: Ես այդ մասին տեղեկություն չունեմ»:





























