Այս պահին 500 զինվոր ոչնչացնելը մեզ համար խնդիր չի, բայց դուք դրան հաջորդող գործողությունները, հետագա սցենարը մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դա նշանակում է, որ պատերազմից 6 ամիս անց Հայաստանը նորից ներքաշվում է պատերազմի մեջ արդեն իր տարածքում: Եթե կա տարբերակ բանակցություններով հարցը լուծել, դա լավ տարբերակ է, իսկ պատերազմի տարբերակը միշտ կա»,-ասաց նա:

Մարուքյանը նաեւ նշեց, որ եթե հիմա տեղի չունենա իրենց նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը եւ չտրվեն պարզաբանումներ, ապա ներքաղաքական իրավիճակը եւ լարվածությունն այնքան է պրկված, որ կարող են լինել անկանխատեսելի հետեւանքներ:

«ՀՀ տարածքում ունենալով 600 ադրբեջանցի զինծառայողներ, դա այնքան էլ լավ սցենար չէ»,-ասաց նա: