Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» Ադրբեջանի մայրաքաղաքում նախօրեին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի գործողություն է իրականացրել: Ինչպես հայտնում է «APA» գործակալությունը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան առջեւ անցկացված բողոքի գործողության ընթացքում ցուցարարները «Ամոթ թուրքական իշխանություններին» կարգախոսով այրել են Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ ԱԳՆ ղեկավարի նկարները, որոնց վրա նախապես սեւ գծեր էին արել:

Բողոքի գործողությունը տեել է 10 րոպե եւ ցրվել է ոստիկանության կողմից: Գործողության մի քանի մասնակիցներ ձերբակալվել են, այդ թվում եւ՝ կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղին:

Ցուցարարներին չի հաջողվել դեսպանությանը հանձնել ակցիայի բանաձեւը, որում Թուրքիայի իշխանություններից պահանջել էին հրաժարվել Հայաստանի հետ սահմանի բացումից եւ չշարունակել բանակցությունները: