Այս քննարկման հիմնական նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմագերիների, զինվորականների եւ քաղաքացիական անձանց անվերապահ ազատման հրատապ պահանջն է: Այս մասին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ, եվրախորհրդարանական Անդրեյ Կովաչովը:

Նրա խոսքով՝ Բաքուն ապագայում պետք է ձեռնպահ մնա կամայական կալանավորումներից եւ լիովին պահպանի հրադադարի ռեժիմի մասին եռակողմ հայտարարությունը, որը նախատեսում է ռազմագերիների եւ բոլոր կալանավորվածների փոխանակում: «Չնայած տարբեր սահմանումներին, որոնք Ադրբեջանը օգտագործում է գերիներին որպես հանցագործ կամ ահաբեկիչ ներկայացնելու համար, նրանք բոլորը գտնվում են Ժնեւի կոնվենցիայի եւ միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանության ներքո եւ պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներին»,- ասել է նա:

«Ադրբեջանը պետք է օգնի ՄԻԵԴ-ին՝ ձերբակալվածների եւ նրանց բարեկեցության մասին հավաստի տեղեկություններ տրամադրելու հարցում: Բաքուն պետք է զերծ մնա այդ մարդկանց հանդեպ դաժան վերաբերմունքից եւ ցանկացած նվաստացումից»,- ասել է օրենսդիրը` անկախ հետաքննության կոչ անելով:

«Բաքուն պետք է փակի նաեւ « Ավարի պուրակը», որտեղ ցուցադրվում են հայ զինվորների նվաստացուցիչ ու անմարդկային մոմե արձանները»: