Մենք կոչ ենք անում առանց նախապայմանների ազատել բոլոր հայ ռազմագերիներին եւ հրադադարի մասին համաձայնագիրը լիարժեք իրականացնել: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտոսը, ով հայ ռազմագերիների ազատման բանաձեւի հեղինակներից մեկն է:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում շատ մարդիկ ստիպված էին լքել իրենց քաղաքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմագերիների, կալանավորվածների եւ մահացածների աճյունների փոխանակման վերաբերյալ: Մենք անընդունելի ենք համարում, որ Ադրբեջանում դեռեւս հայ ռազմագերիներ կան՝ հաշվի առնելով խոշտանգումների մասին հաղորդագրությունները, ինչը Ժնեւի կոնվենցիայի ակնհայտ խախտում է:
Մենք կոչ ենք անում անվերապահորեն ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ լիարժեք իրականացնել (հրադադարի) համաձայնագիրը: Երկու կողմերն էլ պետք է հրաժարվեն թշնամական հռետորաբանությունից եւ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:





























