Երեւանում մեկնարկել է ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովի հանդիսավոր նիստը։ Սա հերթական ժողովն է, որը կուսակցության կազմակերպչական կառույցում բարձրագույն ժողովն է։ Հունիսի 24-ին՝ ժողովի բացման խոսքում այս մասին հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով, ժողովի ընթացքում կորոշվի կուսակցության մոտակա չորս տարիների ռազմավարությունը, ծրագիրը եւ կողնորոշումները, ինչպես նաեւ կամփոփվեն վերջին տարիների գործունեության արդյունքները։
«Քննարկման հիմնական թեմաները կլինեն Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը եւ երկրի առջեւ ծառացած խնդիրները, ղարաբաղյան խնդիրը, Ջավախքը, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ սոցիալական արդարության հարցերը։ Ժողովի ավարտին Ղարաբաղի մասով առանձին հայտարարություն կարվի։ Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ որեւէ զարգացման արձագանքը կտրվի միանգամից»,- նշել է նա։



























