Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում կատարվել են էական կառուցվածքային փոփոխություններ, ամբողջությամբ իրականացվել է կադրային համալրումը: Այդ մասին այսօր` հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Մասնավորապես` Փոքր եւ միջին բիզնեսի Զարգացման ու աջակցման կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) նոր տնօրեն է նշանակվել Տիգրան Հարությունյանը, որակի տեսչությունում` Տիգրան Խալիկյանը: Գների կարգավորման կենտրոնի տնօրեն է նշանակվել Վահե Ջուղարյանը:

Նախարարն ունի նաեւ նոր խորհրդական` Իգոր Զարգարյանը, ով պատասխանատու է արդյունաբերական քաղաքականության համար:

Ամենայն հավանականությամբ` վերջինս փոխարինել է Արմեն Գեւորգյանին, ով հրաժարական տվեց պոռնոլուսանկարներ դիտելու հայտնի սկանդալի պատճառով:

Էկոնոմիկայի նախարարության հիմնական գործընկեր հանդիսացող Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն է նշանակվել Արման Խաչատրյանը: Ի դեպ` էկոնոմիկայի նախարարը հերքեց այն լուրերը, որ Բեկոր Փափազյանի հրաժարականն այդ պաշտոնից պայմանավորված էր Հարավային Հայաստանում զբոսաշրջության եւ հանքարդյունաբերության զարգացման միջեւ հակասություններով: Ըստ Տ. Դավթյանի` հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը հանգիստ կարող են միաժամանակ զարգանալ նույն տարածքում, եթե ճիշտ լուծումներ գտնվեն: