Հայաստանում ընդհանուր տնտեսական զարգացումները բավականին դրական են, տնտեսական ակտիվության ինդեքսը մայիսին 9.9 տոկոս է:
Վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումը` էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը այսօր` հունիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հատկապես ընդգծեց, որ ոգեւորիչ են արդյունքները արդյունաբերությունում: Համենայնդեպս` 10-12 տոկոս աճով արդյունաբերությունը դարձել է տնտեսության շարժիչ ուժը:
Ընդ որում, ըստ նախարարի, աճ է արձանագրվում գրեթե բոլոր ճյուղերում, այլ ոչ միայն հանքարդյունաբերությունում, ինչպես կարծում են շատերը: Իսկ ամենամեծ աճ արձանագրվել է մեքենաշինությունում, թեեւ դա ցածր բազայի հետեւանք է:
Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ` տարեվերջին Հայաստանը կունենա առնվազն 4.6 տոկոս աճ, ինչն ամրագրված է պետական բյուջեի մասին օրենքում:
Տ. Դավթյանը նշեց, որ կառավարությունը շեղվել է դասական տնտեսական քաղաքականության սկզբունքներից` աջակցություն ցուցաբերելով կոնկրետ ձեռնարկություններին: «Այդ մոտեցումներն ինչ-որ առումով նոր են, ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգում, մաքսային ռեժիմի փոփոխություն, նոր արտադրությունների խթանում»,- ասաց նախարարը:



























