Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) մշակել է առաջարկներ՝ կապված ԵԱՏՄ երկրներում ավելացված արժեքի հարկի ֆինանսական մոնիթորինգի եւ վարչարարության հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ավարտից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Առաջին հերթին կցանկանայի նշել այդ դիրքորոշումը՝ գրեթե բոլոր պետությունների ղեկավարները խոսեցին մեր տնտեսությունների փոխլրացման խորացման անհրաժեշտության մասին` սննդամթերքի անվտանգության խնդիրները լուծելու եւ փոխադարձ առեւտրի աճին լուծում տալու համար: Ֆինանսական շուկային վերաբերող հետաքրքիր առաջարկներ կային, սա որոշակի չափով նոր ձեւակերպում է՝ ոչ միայն դեդոլարացման խնդիրները, այլեւ փոխհաշվարկների, գնագոյացման եւ ֆինանսական շուկայում առկա այլ հրատապ խնդիրների մասին: Ես ուզում եմ ասել, որ մենք արդեն աշխատում ենք այս թեմայի շուրջ, կան որոշակի առաջարկներ, որոնք վերաբերում են ֆինանսական մոնիթորինգին, առաջին հերթին` կապված ավելացված արժեքի հարկին վերաբերող հարցերի կառավարման հետ»,- ասաց Մյասնիկովիչը:
Նրա խոսքով՝ որոշ առաջարկներ արդեն մշակվել են: «Կան համապատասխան առաջարկներ, որոնք մենք արդեն մշակել ենք: Այս թեման ես քննարկեցի Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահ տիկին [Էլվիրա] Նաբիուլինայի, Բելառուսի ազգային բանկի ղեկավարության եւ այլ առանցքային գործիչների հետ, ովքեր իսկապես մեծապես որոշում են մեր միության ֆինանսական շուկայի քաղաքականությունը,»,- հավելեց Մյասնիկովիչը:




























