Ռուսական «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը կշարունակի Հայաստանին ադամանդի հումք մատակարարել` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Նշենք, որ ըստ Հայաստանի եւ Ռուսաստանի միջկառավարական համաձայնագրի՝«ԱԼՌՈՍԱ»-ն 2011 թ. Հայաստան պետք է մատակարարի մոտ 30 մլն դոլար արժողությամբ ալմաստ, որոնք պետք է մշակման ենթարկվեն Հայաստանի ադամանդագործական 6 ձեռնարկություններում։
Ըստ Տ. Դավթյանի` «ԱԼՌՈՍԱ»-ն, ամենայն հավանականությամբ, կավելացնի ադամանդի հումքի մատակարարումը Հայաստան, կավելանա նաեւ այդ ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների թիվը: Արդեն իսկ երկու եռամսյակների կտրվածքով Հայաստանի ադամանդագործությունում գրանցվել է աճ: Բացի այդ` նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանը ադամանդի հումք կստանա նաեւ այլ ընկերություններից:
Հիշեցնենք, որ ԱԼՌՈՍԱ-ն ալմաստի հանքավայրերի հետախուզման, արդյունահանման, իրացման, ինչպես նաեւ ադամանդների արտադրության աշխարհի խոշորագույն ընկերություններից է։ Այն վերահսկում է ալմաստի արդյունահանման ռուսական շուկայի մոտ 97 տոկոսը, իսկ համաշխարհային շուկայում նրա այս ցուցանիշը 25 տոկոս է։
Ընկերության բաժնետոմսերի 50,93 տոկոսը ՌԴ սեփականությունն է, 32 տոկոսը պատկանում է Սախա Հանրապետության գույքային հարաբերությունների նախարարությանը, մեկական տոկոս մասնաբաժին ունեն նույն հանրապետության ութ վարչատարածքային միավորները։ Եվս 9 տոկոս արժեթղթերը պատկանում են այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց։



























