Հաղորդագրություններն այն մասին, որ WhatsApp հավելվածը վճարովի կդառնա, եթե որոշակի պայմաններ չընդունվեն, իրականությանը չեն համապատասխանում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է WhatsApp-ի ներկայացուցիչը:
WhatsApp-ի գաղտնիության նոր քաղաքականությունն ուժի մեջ է մտել մայիսի 15-ից: Խաբեբաները օգտվել են WhatsApp-ի քաղաքականության փոփոխությունից եւ օգտատերերին, հիմնականում՝ կենսաթոշակառուներին, «երջանկության նամակներ» են ուղարկում՝ նշելով, որ նրանց համար մեսենջերը վճարովի կդառնա: Եւ որպեսզի դա տեղի չունենա, պետք է այս տեղեկատվությունն ուղարկել 10 կոնտակտների: Ավելին, մեկ SMS-ի արժեքը 0,01 եվրո է:
«Այս հաղորդագրությունների բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը: Մեր նոր թարմացումը կապված է WhatsApp-ի լրացուցիչ գործառույթների հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք աշխատում էինք օգտվողներին մեր թարմացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել: Այս ընթացքում մարդկանց մեծամասնությունը ընդունել է այն, եւ WhatsApp-ը շարունակում է աճել: Սակայն, նրանք, ովքեր դեռ դա չեն արել, մայիսի 15-ի թարմացման արդյունքում չեն կորցնի իրենց հաշիվները կամ գործառույթները WhatsApp-ում: Մենք կշարունակենք այս օգտվողներին հիշեցնել առաջիկա շաբաթների ընթացքում ներբեռնված ծրագրի թարմացման մասին»,- հավելել է WhatsApp-ի ներկայացուցիչը:
Նա նաեւ նշել է, որ թարմացումը չի ընդլայնում Facebook-ի հետ տվյալներ փոխանակելու WhatsApp-ի հնարավորությունը, եւ օգտագործողի հաղորդագրությունները կշարունակեն պաշտպանված լինել միջանցիկ կոդավորմամբ: Բացի այդ, թարմացումը օգտվողներին ավելի շատ տեղեկատվություն, ինչպես նաեւ՝ ընկերությունների հետ WhatsApp-ով հաղորդակցվելու հնարավորություն է տրամադրում:





























