«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունընախատեսում է մինչեւ տարեվերջ նոր պայմանագիր կնքել հայկական ատոմակայանի շահագործման մասին: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ընկերության նախագահ Բորիս Կովալչուկը, հաղորդում է rosinvest.com-ը:

«Մինչեւ տարեվերջ պլանավորում ենք հայկական կողմի հետ նոր պայմանագիր կնքել ատոմակայանի գծով»,- ասել է նա, նշելով, որ ռուսական կողմը ցանկանում է պայմանագրում ճշտել որոշ իրավական դետալներ: Թե հատկապես ինչ` Բ. Կովալչուկը չի մանրամասնել:

Նշենք, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ հայկական ատոմակայանը կառավարելու պայմանագիրը վերակնքվել է 2008 թ.` 5 տարի ժամկետով:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը նաեւ Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատերն է: Ընկերությունը ձեռք է բերել նաեւ Հրազդանի ՋԷԿ-ը, սակայն մինչ այդ «Ռուս Հիդրո»-ին վաճառեց Սեւան-Հրազդան կասկադը:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի բաժնետոմսերի 24,6 տոկոսը պատկանում է «Ռուսատոմին», որը ներգրավված է Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրում: