Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը օրերս հարցում է կատարել երիտասարդների շրջանում` պարզելու համար նրանց տեղեկացվածության աստիճանն ու դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Հարցումը կատարվել է Երևանի բոլոր պետական բուհերում։ Հետազոտության համար ընտրվել է պատահական ընտրանքի մեթոդը, որում ընդգրկվել են 150 ուսանող, ինչը թույլ է տալիս ապահովել ընտրանքի ներկայացուցչականությունը 5% սխալի հավանականությամբ։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Սարգիս Տխրունի» ուսանողական միության անդամ Նարեկ Գալստյանը, հարցվածների մոտ 70 տոկոսն են հետաքրքրքված հայ-թուրքական հարաբերություններով, որից մոտ 47 տոկոսն են պարբերաբար հետեւում զարգացումներին: Մի ստվար զանգված, ըստ հարցումների, ընդհանրապես հետաքրքրված չէ երկրի օրակարգային հարցով` հայ-թուրքական հարաբերություններով: Հարցվածների մեծ մասը մտավախություն ունի , որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումով կկասեցվի Ցեղասպանության ճանաչման գործընթացը, ինչպես նաեւ վտանգի տակ կդրվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Հարցվածների միայն 10 տոկոսն է գոհ հայ-թուրքական հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից, փոխարենը 71 տոկոսին «բոլորովին չի գոհացնում» այն: Դժվարացել է պատասխանել հարցվածների 18 տոկոսը:
Ուսանողների 42 տոկոսը կարծիք է հայտնել, որ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել՝ կապված ԼՂ խնդրի հետագա ընթացքի հետ, իսկ 95 տոկոսը համարել է, որ դրա հետեւանքով Ցեղասպանության ճանաչման գործընթացը կկասեցվի:
Ըստ այդմ, հայ-թուրքական գործընթացին պարբերաբար հետեւում է հարցվածների 76%-ը, իսկ մեծամասնությունը՝ մոտ 68%-ը, հետաքրքրված են հայ-թուրքական հարաբերություններով եւ նորություններին տեղեկանում են նախ հեռուստատեսության ու ինտերնետային կայքերի, հետո ռադիոյի ու ծանոթների, վերջում միայն՝ թերթերի միջոցով։ Ըստ նրանց, թեեւ հեռուստատեսությունը տեղեկատվական ամենալայն աղբյուրն է, սակայն այն քիչ վստահություն է վայելում:
Հարցին, թե արդյո՞ք հետևում են հարաբերությունների զարգացման ընթացքին, միայն 47%-ն են դրական պատասխանել:
Հարցումների ընթացքում պարզվել է, որ առավելապես տեղեկացված են այն երիտասարդները, ովքեր ընդգրված կամ անմիջական շփման մեջ են ՀԿ-ների կամ կուսակցությունների հետ: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում դրական միտումների ակնկալիք ուսանողները տեսել են միայն տնտեսական ոլորտում (53%), իսկ քաղաքական, սոցիալական, միջանձնային շփումների ոլորտում արտահայտել են խիստ անհանդուրժողականություն:



















