Այս տարվա մարտին Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ բացեցինք Իջևանում՝ Երևանյան 10 հասցեում, որտեղ այցելելով տավուշեցիները կարող են ստանալ իրենց անհրաժեշտ մեկ կամ մի քանի պետական մարմինների ծառայությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. « Դրանք են՝

Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,

ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության,

ՀՀ պետական եկամունտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ծառայությունները։

Խոստումնալից վիճակագրություն ունենք այս առումով․ մարտին գործարքների թիվը կազմել է 1608, իսկ դիմած քաղաքացիների թիվը՝ 1312, ապրիլին գործարքների թիվը կազմել է 1379, դիմած քաղաքացիներինը՝ 1143։ Ըստ Բադասյանի՝ այս վիճակագրության մեջ ուրախացնող է այն փաստը, որ գործարքների թիվը գերազանցում է դիմած քաղաքացիների թվին, ինչը նշանակում է, որ մի քանի պետական մարմինների ծառայություններից օգտվելու համար քաղաքացին ստիպված չի եղել այցելել տարբեր հասցեներում գտնվող կառույցներ։

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ կբացվեն բոլոր մարզերում։