Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետեւանքով տուժած զինծառայողներին եւ խաղաղ բնակչու¬թյանն անհրաժեշտ բժշկական եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի եւ դրսեւորած անձնվիրության, ինչպես նաեւ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման գործում ներդրած ավանդի համար, առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են մեդալներով:
Ինչպես NEWS.am-տեղեկանում է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից,
նախագահի նստավայրում այսօր՝ մայիսի 24–ին, տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել եւ ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին ու առողջապահական համակարգի ներկայացուցիչներին:
Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Այս արարողությունը թերեւս պետք է տեղի ունենար շատ ավելի վաղ: Սակայն համավարակը եւ պատերազմն իրենց հետեւանքներով շատ ու շատ ծրագրեր խառնեցին: Բայց ո՛չ COVID-ը, ո՛չ էլ պատերազմը չկարողացան ազդել ձեր առաքելության վրա: Ավելի ճիշտ, դրանք ավելի ընդգծեցին ձեր կարեւոր ներկայությունը մեր բոլորի կյանքում:
Ձեր շնորհիվ կրկին կյանքեր փրկվեցին՝ առաջնագծում եւ դրանից հեռու, հիվանդանոցում, հոսպիտալում, ռազմի դաշտում, շատ տարբեր պայմաններում: Դուք այսօր էլ կյանքեր եք փրկում՝ մեր տղաների եւ աղջիկների կյանքերը...
Ձեզնից ոմանք ու ձեր գործընկերները միաժամանակ թե՛ համավարակի դեմ էին պայքարում, եւ թե՛ պատերազմական գործողությունների կիզակետում էին: Մենք բոլորս գիտենք դրա մասին եւ շատ բարձր ենք գնահատում:
Ցավոք, համավարակն ու պատերազմը չխնայեցին նաեւ ձեր շատ գործընկերների: Նրանք նվիրաբերեցին իրենց կյանքը հանուն մեկ ուրիշ կյանք փրկելու՝ ծանոթ ու անծանոթ կյանք, զինվորի կյանք, երեխայի ու մեծահասակի կյանք...
Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում եւ համավարակի դեմ պայքարում զոհված եւ հանուն առողջության ու անվտանգության իրենց զոհաբերած բոլոր բուժաշխատողների հիշատակը...
Սիրելի բուժաշխատողներ,
Դուք ունեք տարբեր կենսագրություններ, անցել եք կյանքի տարբեր ճանապարհներ: Բայց ունեք միավորող մի ընդհանրություն՝ բոլորդ մարդկային կյանք եք փրկում, այս բառի ամենաուղիղ իմաստով: Ձեր մասնագիտական գործունեությունը պայքար է հանուն մարդկային կյանքի եւ առողջության:
Այդ պայքարի ընթացքում դուք հաճախ նույնիսկ մոռանում եք ինքներդ ձեզ, ձեր ընտանիքը, ձեր հարազատներին: Եւ ձեր միակ հարազատը դառնում է ձեր հիվանդը, իսկ ձեր միակ մտահոգությունը՝ նրան փրկելը, նրան օգնելը, նրան առողջացնել: Վստահ եմ՝ դուք շնորհակալության ու երախտագիտության բազմաթիվ խոսքեր եք ստացել եւ շարունակելու եք ստանալ: Ես ի սրտե միանում եմ դրանց:
Շնորհակալ եմ բոլորիդ ու յուրաքանչյուրիդ՝ ձեր աշխատանքի, ձեր սրտացավության, ձեր նվիրվածության, ձեր հոգատարության համար: Իհարկե, որեւէ գնահատական ու խոսք չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ դուք արել եք եւ անում եք այսօր:
Շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում առողջություն, խաղաղություն եւ ամենայն բարիք: Առողջ եղեք, որ առողջ լինենք բոլորս:
Աստված պահապան մեր երկրին ու նրա զավակներին, ձեզ, ձեր ընտանիքներին ու հարազատներին»,– ասել է նախագահը։





























