Սպիտակ տունը քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ:

«Մենք դատապարտում ենք լրագրողների նկատմամբ շարունակական հետապնդումները եւ կամայական ձերբակալությունները պարզապես նրա համար, որ իրենց աշխատանքն են կատարում», - հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Ցնցող գործողություն էր՝ ինքնաթիռով վայրէջք կատարել երկու [Եվրամիության] անդամ երկրների միջեւ` լրագրողին ձերբակալելու ակնհայտ նպատակով», - շարունակել է նա: «Սա միջազգային ազատության, խաղաղության եւ անվտանգության բացահայտ անարգանք է: Մենք պահանջում ենք անհապաղ, միջազգային, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն անցկացնել միջադեպի վերաբերյալ»:

Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը տարածաշրջանի գործընկերների, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի հետ քննարկել է հնարավոր հետագա քայլերը:

Ինչպես հաղորդվել է, մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող Ryanair ինքնաթիռը, որը թռչում էր Բելառուսի տարածքի վրայով, ազդանշան է ուղարկել ստեղված վթարային իրավիճակի մասին: Տագնապի ազդանշանի պատճառ է դարձել հաղորդագրությունը, ըստ որի ինքնաթիռը «ականապատված» է եղել:

Օդանավի հրամանատարի որոշմամբ՝ վայրէջք է կատարվել Մինսկի ազգային օդանավակայանում: Ինքնաթիռում 123 ուղեւոր է եղել: Բոլորն անցել են ավիացիոն անվտանգության համար լրացուցիչ վերահսկողություն եւ ստուգողական միջոցառումների համար տեղափոխվել են օդանավակայանի տարանցիկ գոտի: Այնուհետեւ ինքնաթիռը թռել է Մինսկի ազգային օդանավակայանից դեպի Վիլնյուս:

Օդանավում է եղել Nexta Տելեգրամ ալիքի հիմնադիրներից մեկը՝ Ռոման Պրոտասեւիչը, որին Բելառուսի իշխանությունները ծայրահեղական են համարում: Պրոտասեւիչին դուրս են բերել ինքնաթիռից եւ բերման ենթարկել: