Հայաստանում կընդլայնվեն այն ծառայությունները, որոնք տրամարդվում են քաղծառայողներին սոցիալական փաթեթի շրջանակներում: Այս մասին մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Պետական ​​պաշտոններ զբաղեցնող անձանց եւ պետական ​​ծառայողների վարձատրման» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Գործող օրենսդրության համաձայն` պետական ​​պաշտոններ զբաղեցնող կամ քաղծառայողներ հանդիսացող անձինք, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամները կարող են օգտվել սոցիալական փաթեթից կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում: Մասնավորապես, սոցփաթեթի միջոցները կարող են օգտագործվել առողջապահության, հիփոթեքային վարկերի, ուսման վարձի, Հայաստանի կամ Ղարաբաղի տարածքում հանգստի ծառայությունների համար:

«Փոփոխություններով առաջարկվում է սոցիալական փաթեթի միջոցներից օգտվելու հնարավորություն ընձեռել, այդ թվում` սպորտային-առողջարանական կամ սպորտային համալիրների, լողավազանների կամ այլ մարզական ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու, ինչպես նաեւ պետական ​​սուբսիդիաների շրջանակներում ուսանողական վարկերի մարման համար»,- պարզաբանեց փոխնախարարը:

Այս փոփոխությունները, ինչպես նշեց Սարգսյանը, առաջարկվում են առողջ ապրելակերպի եւ ֆիզիկական կոփվածության սկզբունքի ձեւավորման համար:

Փոխնախարարը շեշտեց, որ օրենսդրական այս նախաձեռնության շահառուները հանրապետության փոխնախարարները, նախարարները, փոխխոսնակներն ու վարչապետը, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամները չեն, ինչպես ավելի վաղ գրել էին որոշ լրատվամիջոցներ: