Մայիսի 31-ին ուժի մեջ կմտնեն գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության ոլորտում օրենսդրական փոփոխությունները, որի խախտման դեպքում Հանձնաժողովը կարող է գործեր հարուցել, իսկ տնտեսվարող սուբյեկտները կարող են տուգանվել անցյալ տարվա եկամտի մինչեւ 5%-ի չափով: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:
Նա նշեց, որ սա, ըստ էության, նույն կանոնն է, որը նախատեսված է անբարեխիղճ մրցակցության այլ դեպքերի համար:
Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված կլինի կոնկրետ խախտումից ու հետեւանքներից: Խոսքը բիզնեսի ոլորտում գովազդի մասին է, այսինքն՝ քաղաքական գովազդի ոլորտի կարգավորումը Հանձնաժողովի իրավասության մեջ չէ:
«Խախտումները կարող են լինել անտեղի համեմատությունների, մոլորությունների մեջ գցելու եւ այլնի տեսքով: Օրինակ, հաճախ գովազդում նշվում է որոշակի լիցենզիայի առկայությունը, որն իրականում գոյություն չունի, կամ գովազդում ապրանքը ներկայացվում է որպես «լավագույնը», չնայած դա այնքան էլ այդպես չէ: Լինում են նաեւ դեպքեր, երբ գովազդում են մի ապրանք, վաճառվում՝ մյուսը: Խնդիրներ ծագում են, ինչպես հայտնի է, զեղչված ապրանքների գովազդների դեպքում»,- ընդգծեց Մարկոսյանը:
Նա բացատրեց, որ, ըստ փոփոխությունների, Հանձնաժողովին կարող է եզրակացություններ տալ տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի նրանք նախապես իմանան ինչպես խուսափել օրենքի խախտումից:




























