ՄԱԿ-ը հայտարարել է, որ դեռեւս սպասում է համոզիչ ապացույցների, որ Դուբայի կառավարչի դուստրը` շեյխ Լատիֆան, ողջ է՝ այն բանից հետո, երբ հասարակության մեջ նրա լուսանկարը հայտնվել է սոցիալական ցանցերում, հայտնում է AFP-ն:

Փետրվարին ՄԱԿ Մարդու իրավունքների գրասենյակը ապացույցներ էր պահանջել Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի դստեր վիճակի մասին այն բանից հետո, երբ BBC-ն ցույց էր տվել Լատիֆայի նկարահանած տեսանյութը, որում նա ասում էր, որ ինքը բանտարկված է առանձնատանը եւ վախենում է իր կյանքի համար:

2018-ի մարտին ԱՄԷ-ից փախուստի ձախողված փորձից հետո Դուբայի կառավարչի 35-ամյա դուստրը հանրության առջեւ չի հայտնվել:

Այս շաբաթ Instagram-ի չստուգված հաշվում տեղադրվել է Լատիֆայի երկու լուսանկար՝ Դուբայի առեւտրի կենտրոնի ռեստորանում:

ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը լրագրողներին ասել է, որ ԱՄԷ-ն հրաժարվել է մեկնաբանել Instagram-ի լուսանկարները: «Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ համագործակցել է մեզ հետ եւ՛ դիվանագիտական, եւ՛ կառավարական մակարդակներով, եւ այդ փոխգործակցությունը շարունակվում է»,- ասել է գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը: «Նրանք մեզ ասել են, թե համոզիչ ապացույց կներկայացնեն, որ Լատիֆան ողջ է։

Վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնված լուսանկարների վերաբերյալ այս պահին մենք որեւէ մեկնաբանություն չունենք: Մենք ինքներս դրանք չենք ստացել եւ չենք կարողացել ուսումնասիրել»:

Փետրվարին Դուբայի թագավորական ընտանիքը պնդել էր, որ Լատիֆայի մասին տանը «հոգ են տանում»: «Հուսով ենք, որ նա հարմար ժամանակ կվերադառնա հասարակական կյանք»,- ասվում է հաղորդագրության մեջ: