ԱՄՆ-ը վերաբացելու է Երուսաղեմում իր գլխավոր հյուպատոսությունը, ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հաղորդում է AP-ն:

Հյուպատոսությունը երկար ժամանակ ծառայել է որպես ինքնավար հաստատություն, որը պատասխանատու է եղել պաղեստինցիների հետ դիվանագիտական ​​հարաբերությունների համար: Սակայն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իջեցրել էր դրա գործունեության կարգավիճակը եւ այն դրել Իսրայելում իր դեսպանի վերահսկողության տակ, երբ դեսպանությունը տեղափոխել էր Երուսաղեմ: Թրամփի այս քայլը վրդովեցրել է պաղեստինցիներին, որոնք Արեւելյան Երուսաղեմը դիտարկում են որպես գրավյալ տարածք եւ իրենց ապագա պետության մայրաքաղաք:

Բլինկենը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ Ռամալլահում հանդիպումից հետո հայտարարել է գլխավոր հյուպատոսություն բացելու որոշման մասին, սակայն դրա բացման հստակ ժամկետներ չի նշել:   

«Ինչպես ասել եմ նախագահին, ես այստեղ եմ՝ ընդգծելու համար Պաղեստինի վարչակազմի եւ պաղեստինյան ժողովրդի հետ հարաբերությունների վերականգնման Միացյալ Նահանգների հանձնառությունը, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները եւ ընդհանուր համոզմունքը, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները արժանի են հավասար անվտանգության միջոցառումների, ազատություն եւ արժանապատվության հնարավորությունների», - ասել է նա:

Ամերիկացի դիվանագետը խոստացել է պատերազմից հետո Գազային օգնելու համար «միջազգային աջակցություն ստանալ»: Նա հայտարարել է պաղեստինցիներին մոտ 40 միլիոն դոլարի աջակցության մասին, այդ թվում՝ 5,5 միլիոն դոլար Գազային հրատապ օգնություն ցուցաբերելու համար: Այսպիսով, Բայդենի վարչակազմի օրոք պաղեստինցիներին ԱՄՆ-ի ընդհանուր օգնությունը գերազանցել է 360 մլն դոլարը այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը դադարեցրել էր դրա ցուցաբերումը: