Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին հայտարարել է, որ մինչեւ 13 տարեկան երեխաների համար հավելվածի տարբերակը ծրագրավորելու պլանները կարող են օգնել «ավելի լավ պաշտպանել երեխաներին Համացանցում վնասակար ազդեցությունից»:
Այս տարվա սկզբում տարածվել էր տեղեկատվություն, որ Instagram-ն աշխատում է հավելվածի լրացուցիչ տարբերակի շուրջ, որը նախատեսված է մինչեւ 13 տարեկան երեխաների համար, հաղորդում է AP-ն:
Այդ ծրագրերը ենթարկվել են լայն քննադատության երիտասարդների վրա սոցիալական ցանցերի ազդեցության առնչությամբ պահպանվող մտավախությունների պատճառով, սակայն Մոսերին հայտարարել է, որ գաղափարը, որը, թեպետ, դեռերս ամբողջովին իրացված չէ, կայանում է Համացանցում երեխաների անվտանգությունն ապահովելու մեջ:
«Գաղափարն այն է, որ հարթակը պետք է լինի առավել պատասխանատու: Աշխարհում, որտեղ 13 տարեկանից ցածր երեխաներն օգտագործում են Instagram եւ նմանատիպ այլ հարթակներ, շատ հաճախ բարդ է պարզել տարիքը, քանի որ նրանք չունեն անձը հաստատող փաստաթուղթ»,-ասել է նա: «Պետք է ավելի պատասխանատու լինել ծնողներին վերահսկելու հնարավորություն տալու համար՝ չստիպելով երեխաներին շարունակել ստել իրենց տարիքի մասին»:





























