Պաշտոնական Երեւանը չի բացառում, որ կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի Զինված ուժերի ներխուժման հարցով, եթե հանկարծ պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական համատեղ խմբավորման մասին համաձայնագրերը բավարար չլինեն այդ իրավիճակն ու ծագած խնդիրները լուծելու համար: Այդ մասին մայիսի 26-ին կայացած ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Սեւ լճի տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների նպատակն էր հրահրել ռազմական հակամարտություն, եւ ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծել:

 «Հենց այդ գնահատականն է, որի հիման վրա է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին: Ներկայում մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի գործողությունների արագությամբ, սակայն մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ եւ կատարել մեր գործընկերների հետ գործողություններ իրավիճակի հետագա հստակեցման ուղղությամբ, քանի որ ես չեմ համարում, որ Բաքվի սկզբնական միտքը չեզոքացված է, որը եւ այժմ ունի Ադրբեջանը: Մեր գործընկերները պետք է հստակ իրազեկվեն այդ նպատակի մասին եւ պեքտ է պատրաստ լինեն արտահայտել այդ հարցի շուրջ հստակ դիրքորոշում»,-ասել է Փաշինյանը:

Նա նաեւ ուշադրություն է դարձրել, որ ՀԱՊԿ մասնակից երկրները այդպես էլ չեն արտահայտել հստակ դիրքորուշում այն առնչությամբ, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի տարածքից: Ընդ որում՝ վարչապետի պաշտոնակատարը խոստովանել է, որ այդ դիրքորոշումն արտահայտվում է աշխատանքային, ոչ թե հանրային մակարդակում: Փաշինյանի խոսքով՝ այդ հարցին անհրաժեշտ է հստակեցում:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցին, վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ այդ հարցը քննարկվում է առաջին իսկ օրերից:

«Եւ դա շարունակում է լինել քննարկումների առարկա: Կան պարզապես մի քանի նրբություններ, եւ այդպիսի որոշում կայացնելու ժամանակ պետք է որոշակի խելամտություն: Անհրաժեշտ է նախապես իրականացնել նախապատրաստական աշխատանքներ: Եւ մենք երբեք չենք բացառել եւ չենք բացառում, որ կարող ենք այդ ճանապարհով գնալ, եթե հանկարծ պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական համատեղ խմբավորման մասին համաձայնագրերը բավարար չլինեն այդ իրավիճակն ու ծագած խնդիրները լուծելու համար»,-նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը: