Նախագահ Ջո Բայդենն ԱՄՆ հատուկ ծառայություններին հանձնարարել է առաջիկա 3 ամսում հաշվետվություն գրել կորոնավիրուսի ծագման մասին:

Մասնավորապես, հատուկ ծառայությունները պետք է փորձեն պատասխանել հարցին՝ արդյոք Covid-19-ն ունի կենդանական ծագում, թե այն լաբորատորիայից արտահոսքի արդյունք է:

Գործակալությունները պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը, որպեսզի հավաքեն եւ վերլուծեն տեղեկատվությունը, որը կարող է մոտեցնել մեզ վերջնական եզրահանգման, եւ հայտնեն այդ մասին Բայդենին 90 օր անց:

Բայդենի հրամանն ազդարարում է վեճերի էսկալացիայի մասին, թե ինչպես է ի հայտ եկել վիրուսը՝ Ուհանի շուկայում կենդանիների հետ շփումների պատճառով, թե նույն այդ քաղաքում պաշտպանված հետազոտական լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի հետեւանքով:

Պատասխանն ունի հսկայական նշանակություն ինչպես Չինաստանի համար, որը հայտարարում է, որ պատասխանատվություն չի կրում համավարակի հարցում, այնպես է Միացյալ Նահանգների համար:

ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտն (NIH) ավելի վաղ ֆինանսավորել էր Ուհանում չղջիկների կորոնավիրուսի հետազոտությունները, սակայն հերքում է «ֆունկցիոնալությունն ուժգնացնելու» հարցում փորձարկումները սատարելը, որոնք ներառում են վիրուսի մոդիֆիկացիա, որպեսզի այն սկսի փոխանցվել մարդկանց: Դրամաշնորհը դադարեցվել էր անցած տարի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից:

Բայդենն ասել է, որ մարտին նա խնդրել էր հաշվետվություն վիրուսի ծագման մասին, այդ թվում՝ տեղեկատվություն, թե արդյոք այն ծագել է վարակված կենդանու հետ մարդու շփման արդյունքում, թե եղել է լաբորատորիայից արտահոսքի հետեւանք:

«Այսօրվա դրությամբ ԱՄՆ հետախուզական համայնքը միավորվել է երկու հավանական սցենարի շուրջ, սակայն չի եկել այդ հարցի վերաբերյալ վերջնական եզրահանգման»,-ասել է նա:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պյերը հայտնել է լրագրողներին, որ Բայդենն իրազեկվել է հետախուզական հանրույթի կողմից շուրջ մեկ ամիս առաջ արված գնահատման մասին, սակայն առ այսօր դա գաղտնի տեղեկատվություն էր:

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունը՝ արդյոք վիրուսը միտումնավոր էր ստեղծվել այն կենսաբանական զենքի վերածելու համար, նա պատասխանել է. «Մենք դեռեւս ոչինչ չենք բացառել»:

Լաբորատորիայից արտահոսքի մասին տեսությունը զայրացրել է Չինաստանին. չորեքշաբթի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լինցզյանը մեղադրել է Վաշինգտոնին «դավադրության տեսությունների եւ ապատեղեկատվություն տարածելու մեջ»: