Հինգշաբթի ուշ երեկոյան «Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի կառուցման հակառակորդները փակել են ճանապարհը դեպի արեւմտյան Վրաստանի Ցխալտուբիի Գումատի գյուղում ENKA կապալառու ընկերության գրասենյակի մոտ, հաղորդում է «Sputnik-Վրաստան»-ը:

Թբիլիսիից վերադարձող Ռիոնի կիրճի պաշտպաններին Գումատի գյուղում ոստիկանները դիմավորեցին մետաղական արգելապատնեշներով: Այսպիսով, իրավապահները փորձում են փակել ցուցարարների ճանապարհը դեպի Նամոխվանի գյուղ` հիդրոէլեկտրակայանի կառուցման անմիջական վայր: Տեղում ոստիկանական ջոկատներ են մոբիլիզացվել: Ակցիայի մասնակիցներն ամբողջ գիշեր ձեռքերը եւ բութ առարկաներով թակում էին երկաթյա արգելապատնեշները` պահանջելով թողնել իրենց Նամոխվանի գյուղ:

Ինչպես հայտարարեց «Ռիոնի կիրճի պաշտպանները» շարժման առաջնորդ Վարլամ Գոլեթիանին` իրենք ճանապարհին պարիսպ կստեղծեն, եւ ENKA-ի ոչ մի ավտոմեքենա չի մտնի շինհրապարակ: Մնացած տրանսպորտի համար երթեւեկությունը բաց կլինի:

Ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Գումատիում ցուցարարները դեմ հանդես եկան տարբեր կուսակցությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների, մասնավորապես, «Վրացական գաղափար» ծայրահեղ աջակողմյան շարժման առաջնորդ Գուրամ Պալավանդիշվիլիի հայտնվելուն: Բողոքի շարժման առաջնորդներից Մակա Սուլաձեն ասել է, որ իրենց ակցիաներին կուսակցական խորհրդանիշներն եւ դրոշներն արգելված են:

Ռիոնի կիրճում ցուցարարները վրաններ են տեղադրել երեք վայրերում` Տվիշի եւ Գումատի գյուղերում, ENKA-ի գրասենյակի մոտ եւ ոստիկանական պարսպի մոտ:

Արեւմտյան Վրաստանի Ռիոնի գետի կիրճում «Նամախվանի ՀԷԿ» կասկադի կառուցման հակառակորդների բողոքի ակցիան շարունակվում է 213 օր: Կիրակի ցուցարարները Վրաստանի մարզերից ժամանել էին Թբիլիսի եւ այնտեղ լայնամասշտաբ ցույց էին անցկացրել:  Նրանք կառավարությանը մի շարք պահանջներ էին ներկայացրել, որոնք այդպես էլ չկատարվեցին` չնայած ցույցի շարժման մասնակիցների` քաղաքը «կաթվածահար անելու» մասին սպառնալիքներին: Երկուշաբթի եւ երեքշաբթի ցուցարարները կաթվածահար արեցին մայրաքաղաքի կենտրոնի մի քանի փողոցների երթևեկությունը: Երեքշաբթի երեկոյան նրանք որոշեցին վերադառնալ Ռիոնի գետի կիրճ եւ արդեն տեղում խանգարել ENKA-ի շինարարական աշխատանքներին: