Անընդհատ տարածվում էր, որ էս նոր քայլածների մեջ կանեփի սիրահարները շատ են, ես չգիտեմ այդպես է, թե ոչ, բայց գյուղատնտեսության այսքան խնդիրների առկայության դեպքում կանեփ ենք բերում աճեցնենք: Այս մասին գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում արդյունաբերական կանեփի արտադրություն սկսելու մասին կարգավորումներին:

«Դրա հետեւանքը լինելու է այն, որ կտրուկ աճ է լինելու թմրամոլության, աճելու է կանեփի հասանելիությունը: Սա արագ պետք է վերանայել:

Ես չգիտեմ, թե  ինչ բացատրություն են սրան տվել, իմ տպավորությամբ այս իշխանության վրա ազդեցություն ունեցող մի քանի մարդիկ որոշել են, որ կարող են այդ ուղղությամբ որոշակի բիզնեսներ ծավալել:

Որեւէ երկիր ցույց տվեք Լատինական Ամերիկայում, որ զարգացել է կոկայի կամ կակաչի, կոկաինի կամ կանեփի արտադրության վրա: Սա ավելիչ գործողություն է եւ յուրաքանչյուր քաղաքացի, որ երեխա ունի, պետք է առաջին հերթին  մտածի այդ երեխայի ապագայի մասին, որ ամեն քայլափոխի այդ երեխան հնարավորություն է ունենալու հաշիշ ձեռք բերել եւ օգտագործել»,-ասաց նա: