Ջորջ Օրուելի «1984» գրքում պատկերված կյանքը կարող է իրականություն դառնալ արդեն 2024 թվականին, եթե օրենսդիրները չպաշտպանեն մեզ արհեստական ​​ինտելեկտից: Այս մասին Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը հայտնել է BBC-ի հետ հարցազրույցում` նշելով, որ արագ զարգացող տեխնոլոգիաներին «դժվար է լինելու հասնել»:

Չինաստանում արհեստական ​​ինտելեկտն ավելի ու ավելի լայն կիրառություն է ստանում՝ հետեւելու համար սեփական քաղաքացիներին: Մտավախություն կա, որ արհեստական ​​ինտելեկտի ոլորտում պետության գերակշռող դերը անմիջական սպառնալիք է ներկայացնում ժողովրդավարության համար:

«Եթե չընդունենք օրենքներ, որոնք ապագայում կպաշտպանեն հասարակությանը, կհայտնաբերենք, որ տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են, եւ դրանց հասնելը շատ դժվար կլինի», - ասել է Սմիթը: «Անընդհատ վերհիշում եմ «1984» գրքից Ջորջ Օրուելի դասերը: Իրականում, այդ պատմությունը ... մի կառավարության մասին էր, որը միշտ կարող էր տեսնել եւ լսել այն ամենը, ինչ բոլորն անում եւ ասում են», - նշել է Սմիթը: «Այդ ամենը տեղի չի ունեցել 1984 թվականին, սակայն եթե զգույշ չլինենք, կարող է իրականություն դառնալ 2024 թվականին»:

Սմիթը հավելել է, որ աշխարհի որոշ մասերում իրականությունն ավելի ու ավելի է մոտենում գիտական ​​ֆանտաստիկային:

Չինաստանը նպատակ ունի մինչեւ 2030 թվականը դառնալ արհեստական ​​ինտելեկտի առաջատարն աշխարհում, եւ շատերը կարծում են, որ այն ավելի շատ հնարավորություններ ունի, քան ԵՄ-ն: 2019 թվականին Չինաստանը գերազանցել է ԱՄՆ-ին արտոնագրերի քանակով, որոնք տրվել են ակադեմիական հաստատություններին արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների նորարարությունների համար: Համաձայն Comparitech ուսումնասիրության՝ աշխարհի 770 միլիոն տեսախցիկների 54 տոկոսը գտնվում է Չինաստանում:

Google-ի նախկին գլխավոր տնօրեն, այժմ արհեստական ​​ինտելեկտի հարցերով ԱՄՆ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էրիկ Շմիդտը զգուշացրել է, որ արհեստական ​​ինտելեկտի ոլորտում անհրաժեշտ է հաղթանակ տանել Չինաստանի նկատմամբ: «Չինաստանի հետ աշխարհաքաղաքական ռազմավարական հակամարտության վիճակում ենք գտնվում: Հաղթանակի ճանապարհը մեր ռեսուրսների համատեղումն է՝ արհեստական ​​ինտելեկտի ոլորտում ժողովրդավարությունների հաղթանակի համար ազգային եւ համաշխարհային ռազմավարություններ մշակելու համար: Եթե ​​դա չանենք, մեզ սպասվում է մի ապագա, որում մեզ այլ արժեքներ են պարտադրվելու»: