Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է վերջին շաբաթներին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին տիրող իրավիճակով:

«Մտահոգված ենք երկու երկրների զինված ուժերի սահմանային բախումների մասին հաղորդագրություններով, որոնք վտանգի տակ են դնում ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների կյանքը:

Կոչ ենք անում երկու կողմերին գնալ իրավիճակի դեէսկալացիայի եւ դուրս բերել զորքերը: Սահմանի սահմանազատման եւ սահմանագծման մասին համաձայնություն կարելի է ձեռք բերել միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե սահմանին զորքեր կենտրոնացնելով:

Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակին: Կարծում ենք, որ դեէսկալացիային ուղղված քայլերը կնպաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասվում է Լիտվայի ԱԳՆ հայտարարության մեջ: