Թուրքիայի տնտեսությունը թեժ ճգնաժամի մեջ է, եւ իրավիճակը կարող է վատթարանալ՝ անտնտեսվարության, լիրայի հետ կապված անորոշության եւ ընկերությունների ֆինանսական խնդիրների պատճառով: Այս մասին հայտարարել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն:
«Իհարկե, ես շատ վախենում եմ դրանից»,- ասել է Աճեմօղլուն T24-ին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են ճգնաժամի խորացման հավանականության մասին: «Հավանականությունը մեծ է: Մենք չգիտակցեցինք խնդրի մասշտաբները»:
Աճեմօղլուն մատնանշել է կենտրոնական բանկի արտարժույթի պահուստների կտրուկ անկումը՝ մաքուր պահուստները գրեթե մինուս 50 միլիարդ դոլար են կազմում, եւ լիրայի փխրունությունը: Լիրան դոլարի հանդեպ մարտի կեսից կորցրել է գրեթե 15 տոկոսը, իսկ 55-ը՝ 2018-ի սկզբից, երբ արժութային ճգնաժամը սկսեց տիրել տնտեսությանը:
Աճեմօղլուն նշել է, որ նրանք, ովքեր տնտեսությունը կառավարում էին ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի ղեկավարությամբ, որը հրաժարական տվեց նոյեմբերին, չեն կարողացել ճիշտ քաղաքականություն իրականացնել Թուրքիային ամուր հիմքերի վրա դնելու համար: Ալբայրաքը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է:
Նա նաեւ կարծում է, որ 2018-ին Թուրքիայում նախագահական համակարգի ներդրումը մեծ ազդեցություն է ունեցել տնտեսական քաղաքականության վրա, քանի որ որոշումների կայացումը կենտրոնացված է նախագահական նստավայրում: Նա ասել է, որ ժողովրդավարությունը մեծ առավելություն ունի բռնապետության նկատմամբ, քանի որ շատ ավելի քիչ է հնարավորությունը, որ չորակավորված եւ անփորձ մարդիկ իշխանության մեջ մնան:
Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի բանկերում իրավիճակն ավելի վատ է, քան թվում է:





























