Բաց երկնքի պայմանագրին (ԲԵՊ) չվերադառնալու ԱՄՆ որոշումը եւս մի քաղաքական սխալ է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Միացյալ Նահանգները հերթական քաղաքական սխալը թույլ տվեցին՝ նոր հարված հասցնելով եվրոպական անվտանգության համակարգին: Մենք նրանց լավ շանս տվեցինք, որից նրանք չօգտվեցին,- ասել է փոխնախարարը:- Նրանք շարունակում են վերարտադրել Ռուսաստանի կողմից այս պայմանագրի որոշ խախտումների վերաբերյալ հերյուրանքները, ինչն անհեթեթություն է: Եվ անիմաստ է կրկնել մեր դիրքորոշումը, ցանկացողները կարող են բազմիցս տեսնել այն, բայց Վաշինգտոնում այդպիսի մարդիկ պարզապես չկան»:
Ըստ նրա՝ Ռուսաստանի կողմից Բաց երկնքի պայմանագիրը չեղյալ հայտարարելու ընթացակարգերի ավարտման ժամկետն այժմ կախված է Դաշնության խորհրդից եւ Նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից. հնարավոր է, որ դրանք ավարտվեն մինչեւ Ռուսաստանի Դաշնություն- Միացյալ Նահանգներ գագաթնաժողովը:
ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը նախօրեին տեղեկացրել է իրեն ԲԵՊ-ին չվերադառնալու ԱՄՆ որոշման մասին:
Ռյաբկովը նաեւ շեշտել է, որ Ռուսաստանը չի շեղվել համաձայնագրից դուրս գալու ընթացակարգերի ժամանակացույցից: Բարձրաստիճան դիվանագետը հիշեցրել է, որ դեռ հունվարին, երբ սկսվեցին այդ ընթացակարգերը, կանխատեսվում էր, որ դրանք կավարտվեն գարնան վերջին: «Մնացել է միքանի գրեթե վերջնական քայլ ձեռնարկել: Մայիսի 31-ին տեղի կունենա Ֆեդերացիայի խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որտեղ կքննարկվի հարցը, իսկ հետո մի քանի օր անց, եթե ամեն ինչ լավ լինի եւ հանձնաժողովում համապատասխան որոշումներ մշակվեն, օրենքը, որն արդեն ընդունվել է Պետդումայի կողմից, լիագումար նիստին կներկայացվի Ֆեդերացիայի խորհրդի ամբողջ կազմի հաստատմանը»,- բացատրել է նա:
Ռյաբկովը հույս է հայտնել, որ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքներից մեկը, որը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնեւում, կլինի երկու երկրների դեսպաններ Անատոլի Անտոնովի եւ Ջոն Սալիվանի համապատասխանաբար Վաշինգտոն եւ Մոսկվա վերադարձը: «Շատ կցանկանայի հուսալ, որ մենք կգանք դրան»,- ասել է դիվանագետը:
Միեւնույն ժամանակ, ըստ փոխնախարարի, դեռ այդքան էլ շատ նշաններ չկան, որ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն ի վիճակի են աշխատել կառուցողական օրակարգի վրա: «Այստեղ հարցն այն է, թե ինչպես է այս ամենը տեղավորվում համատեքստում եւ ինչ արդյունքներ է հաջողվելու ձեւավորել,- ասել է նա:- Դեսպանները՝իրենց ծառայության վայրեր վերադառնալով, պետք է աշխատանքային ծրագիր ունենան գոնե որոշ ոլորտների մասով»:




























