Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը դեմ է ՆԱՏՕ-ի առաջարկած բարեփոխումներին, այդ թվում՝ կլիմայի փոփոխությունը մեղմելու քայլերին՝ մտավախություններ ունենալով, որ արեւմտյան դաշինքը կարող է չափազանց շատ լրացուցիչ պարտականություններ ստանձնել, հաղորդում է Reuters-ը:

Հունիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովին ՆԱՏՕ-ի անդամները, այդ թվում` Նորվեգիան, կքննարկեն գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի` դաշինքը վերակենդանացնելու ծրագիրը, որը հայտնի է որպես ՆԱՏՕ 2030 եւ ուղղված է Ռուսաստանին եւ Չինաստանին դիմակայմանը, ահաբեկչության դեմ պայքարին, կիբերհարձակումներին, տեխնոլոգիաներին, կլիմայի փոփոխությանը:

Սոլբերգն ասել է, որ Ստոլտենբերգը ռիսկի է դիմում՝ չափազանց շատ պարտականություններ վերցնելով իր վրա: «Ես մեծ զսպվածության կողմնակից եմ այն հարցում, թե ինչպես ենք մենք օգտագործում ՆԱՏՕ-ն»,- ասել է նա:

«Իմաստ չունի, որպեսզի ՆԱՏՕ-ն մասնակցի ամեն ինչին: ՆԱՏՕ-ն առաջին հերթին պաշտպանական դաշինք է անդամ երկրների համար»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Ստոլտենբերգի տեսլականի շրջանակները պետք է նեղացվեն, հատկապես երբ խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխությանը եւ ոչ ռազմական ճգնաժամի կառավարման հարցերին: «Ռազմական դաշինքը չի կարող լուծել կլիմայի խնդիրները», - ասել է Սոլբերգը:

«Հնարավոր է, որ մենք պետք է քննարկենք Չինաստանի ռազմական գործողությունները, բայց դա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն պետք է որոշակի դեր խաղա,- ասել է նա:- Կարեւոր է տարանջատել այդ երկու բաները»: