Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ձգտում են օրինականացնել Ադրբեջանի կողմից Շահումյանի եւ Քաշաթաղի հյուսիսային հատվածի օկուպացիան: Այս մասին մայիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Տարօրինակ չէ՞, որ Սեւ լճի մոտ թշնամու ներխուժումից հետո այնտեղ տեղակայված ստորաբաժանումները չեն դիմադրել: Այսինքն, ըստ էության, կրակ բացելու հրաման չկա: Նախկինում զորամասի հրամանատարը կարող էր կրակ բացել առանց վերադաս սպայից հրաման ստանալու, եթե նրա դիրքի վրա հարձակվեին կամ եթե հակառակորդը փորձեր խախտել սահմանն այս ուղղությամբ»,- ասել է նա:
Այս ամենը, այդ թվում Փաշինյանի առաջարկած ծրագիրը, ըստ նրա, վկայում է այն մասին, որ նա եւ նրա ընկեր Ալիեւը խորամանկ քայլ կատարեցին այսպես կոչված խաղաղության գործընթացի շրջանակներում, որը նույն «սահմանազատումն» է, որը հարված հասցրեց Փաշինյանի վարկանիշին:
«Իրավիճակի խաղաղ կարգավորման քողի ներքո Փաշինյանը, ըստ էության, օրինականացնում է Ադրբեջանի կողմից Քաշաթաղի եւ Շահումյանի հյուսիսային հատվածի օկուպացիան, քանի որ ասում է, որ Սոթք-Խոզնավար հատվածում սահմանազատումը պետք է իրականացվի զորքերի փոխադարձ դուրս բերումից հետո. դա Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթի դրույթների մասնակի կատարում է նշանակում: Դա իր հերթին այդ տարածքների՝ Ադրբեջանի կազմում ճանաչում կնշանակի: Փաշինյանն ու Ալիեւը հասկանում են, որ հունիսի 20-ից հետո Փաշինյանը չի կարողանա վերարտադրել իր իշխանությունը, եւ մանիպուլյացիաների է գնում: Չեմ զարմանա, եթե այդ ամենը պլանավորված է: Միգուցե նրանք բեմադրել են Ադրբեջանի ճնշումը եւ «խնդրի խաղաղ կարգավորմանը» գնալու Հայաստանի ձգտումը: Ակնհայտ է, որ Փաշինյանի ու Ալիեւի միջեւ ստվերային կապ կա, ինչ-որ խաղ է գնում: Այն աշխարհաքաղաքական ուժերը, որոնք նպաստել են Փաշինյանի՝ իշխանության գալուն, ցանկանում են Արցախը փոխանցել Ադրբեջանին՝ Իրանի հյուսիսում եւ Ռուսաստանի հարավում հետագա հարվածներ հասցնելու համար: Ալիեւի ու Փաշինյանի ստվերային կապերի մասին է վկայում նաեւ երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը, քանի որ բոլոր գործընթացներն իրականացվել են՝ շրջանցելով արտաքին գործերի նախարարությունը»,- շեշտեց Ջամալյանը:
Փորձագետը նշեց, որ այս իշխանությունների քաղաքականությունն իր էությամբ հակառուսական է:
Նա հիշեցրեց, որ Ռուսաստան-Հայաստան եւ Հայաստան-ՀԱՊԿ երկկողմ համագործակցություն կա (որպես Ռուսաստանի հետ համագործակցության լրացուցիչ մեխանիզմ), եւ ՀՀ ներկայիս իշխանություններն ի սկզբանե ՀԱՊԿ-ին վարկաբեկելու նպատակ էին հետապնդում, որը սկսվեց Յուրի Խաչատուրովի հետապնդումներից:
«Այսօր Ռուսաստանի դերն այն է, որ թուրքերը չեն կարող առաջ շարժվել Սյունիքում: Բայց եթե չեք պաշտպանում ձեր սահմանները, ապա ինչու՞ եք օգնություն ակնկալում ռազմավարական գործընկերներից », - եզրափակեց Ջամալյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին վեց հայ զինծառայող ինժեներական աշխատանքներ էին իրականացնում Հայաստանի տարածքում: Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիները հարձակվել ու գերեվարել էին հայ ժամկետային զինծառայողներին:
Նույն օրը Անվտանգության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանն առաջարկեց սահմանի երկայնքով Սոթք-Խոզնավար հատվածում Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներկայացնող միջազգային դիտորդներ տեղակայել, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները վերադարձնել իրենց մշտական տեղակայման վայրեր:





























