Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ազգային ազատագրական պայքար է հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, հանուն անկախության: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ ասում են՝ սրանք աթոռիկ կպել են չեն ուզում պոկվել: Այդ մեղադրանքը ես ինքս ինձ առաջադրել եմ բազմիցս եւ ես ինքս իմ դատը արել: Բայց էդ ընթացքում ես ստացել եմ հազարավոր մարդկանց ուղերձ, որ ասել են՝ մեզ մենակ չթողնես: Եթե մենակ թողնես, կլինես իսկական դավաճան: Ես եկել եմ այն եզրակացության, որ մենք իրավունք չունենք հանձնվելու:
Մենք տեսել ենք, որ խնդիրն ուրիշ տեղ է, մեզ ուզում են զրկել պետականությունից, ինքնիշխանությունից, անկախությունից, քաղաքացիությունից: Մենք չենք կարող պայքարի այս գիծը թողնել ու փախչել, որովհետեւ պարտականություն ունենք ՀՀ քաղաքացու առջեւ:
Այս դատում մենք ոչ թե մեղադրյալ ենք, այլ մեղադրող ենք, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել 30 տարի, դրանք բոլորն իմ հոդվածներում արձանագրված է: Եթե մենք հիմա փախչենք այս ընտրություններից, մենք ժողովրդին հաղթելու շանսից կզրկենք: Մենք չենք հանձնվելու: Մենք էստեղ ենք, որ ժողովուրդը հաղթի եւ պետք է հաղթի»,-հայտարարեց նա:





























