Android-ի նոր տարբերակում հատուկ ռեժիմը թույլ է տալիս օպտիմալացնել սմարթֆոնի խաղերը, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով BGR պարբերականը:
Լրագրողները ուշադրություն են հրավիրել Reddit-ի վերաբերյալ հրապարակումների վրա, որոնցում օգտվողները պատմել են իրենց գտած գաղտնի ռեժիմի մասին: Մենյուի հատուկ բաժնում կարող եք տեսնել, թե քանի ծրագիր է գործարկվել րոպեների կամ ժամերի ընթացքում: Բացի այդ, օգտագործողը կարող է օրական սահմանափակում սահմանել, նշված ժամանակից հետո ծրագիրը չի բացվի: IOS 12-ի iPhone-ում եւս նմանատիպ առանձնահատկություն է հայտնվել, որը կոչվում է Screen Time:
Android 12-ի համար նոր կարգավորման մեջ նաեւ խաղային ռեժիմ է հայտնաբերվել: Հաղորդվում է, որ գործառույթը գտնվում է մշակման փուլում, ուստի հասանելի են միայն դրա որոշ առանձնահատկությունները: Դատելով պատկերներից` գեյմերները խաղերը գործարկելիս կկարողանան միացնել այս ռեժիմը. այն կօպտիմալացնի սարքի ռեսուրսները` դրանով իսկ ավելացնելով սմարթֆոնի արտադրողականությունը: Բացի այդ, գաղտնի կարգավորումը թույլ է տալիս հեռարձակել խաղերը հեռախոսից անմիջապես YouTube-ում: Նշվում է, որ այս տարբերակը կարող է օգտակար լինել սթրիմերների եւ բլոգերների համար:
Լրագրողները շեշտել են, որ Google-ի ներկայացուցիչներն Android 12-ի շնորհանդեսի ժամանակ նոր գործառույթի առկայության մասին չէին հայտարարել: Բացի այդ, նկարագրված տարբերակը հասանելի չէ բոլոր սարքերում, որոնք ստացել են նոր ՕՀ-ի բետա տարբերակը:
Փորձագետների կարծիքով` Google-ում որոշել են խաղային ռեժիմը գաղտնի պահել` այն վերջնական տեսքի բերելու եւ տարվա վերջին ավելի մոտ հայտարարելու համար, երբ ակտուալ օպերացիոն համակարգը հասանելի կլինի մեծ թվով սմարթֆոնների վրա:





























