Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծառայության մեկնաբանը մայիսի 30-ի կիրակնօրյա թողարկման մեջ «գտել է» ադրբեջանական գյուղեր (անկլավներ), որոնք եղել են Ադրբեջանական ԽՍՀ կազմում, սակայն չի նշում, որ ավելի վաղ դրանք Հայկական ԽՍՀ կազմում էին։ Այդ մասին արդեն ռեպորտաժում պատմում է փորձագետը, իսկ հեղինակը Տիգրանաշենի ցուցանակի մոտ, ի լուր աշխարհի, հիշեցնում է, որ գյուղի անունը Քյարքի էր եւ այն ադրբեջանական էր։
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ փաստաթղթի մասին, մեկնաբանն ասում է, թե այնտեղ անկլավների մասին խոսք չկա, մինչդեռ ընդդիմադիր դաշտը քննարկում է ծավալել, թե՝ որտեղ, երբ եւ ինչպես՝ չի ասվում։ Ռեպորտաժում մեկ այլ փորձագետ պնդում է, որ երկրի սահմանների փոփոխությունը միանձնյա որոշման հարց չէ եւ հանրաքվեով է խնդիրը լուծվելու, մինչդեռ ամբողջ նյութի ընթացքում ԽՍՀՄ կենտրոնական իշխանության որոշմամբ ՀԽՍՀ-ից խլված ու Ադրբեջանի ԽՍՀ-ին միացված բնակավայրերի մասին հայ հանրությանը փոխանցվում է ադրբեջանական լինելու տեսակետը, ինչից հեռուստադիտողը կարող է եզրակացնել, որ եթե դրանք ադրբեջանական են, այսինքն՝ եթե ՀՀ սահմանում չեն, հետեւաբար փոփոխության եւ հանրաքվեի կարիք էլ չկա։ Խոսվում է նաեւ Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական անկլավի՝ Արծվաշենի, զավթման ու այնտեղից հայ բնակչության տեղահանման մասին, իսկ թե ինչ համատեքստում՝ պարզ չէր։
Խնդրին անդրադարձել է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, որը խստորեն դատապարտել է այդ ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ:





























