Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով անցնող մեղադրյալ, Հատուկ նշանակության զորքերի նախկին փոխհրամանատար Իբրահիմ Շահին եւ նրա հետ համագործակցած Գարիփ Իրֆան Թորունի դեմ նոր դատական գործ է հարուցվել։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազ Քասըմ Իլիմօղլուի կողմից կողմից Իբրահիմ Շահինի եւ Գարիփ Իրֆան Թորունի դեմ գործ է հարուցվել՝ «Էրգենեկոն» ահաբեկչական կառույցի անդամ լինելու եւ Մինաս Դուրմազգյուլերի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով։  Դատախազի կողմից կազմած մեղադրականը բաղկացած է 10 էջից։

Նշենք, որ  «Էրգենեկոն»-ի գործով ընթացող դատավարության ժամանակ հայտնի է դարձել, որ Իբրահիմ Շահինը եւ  Էրսին Գյոնենջիի միջոցով հրահանգել է Էմրահ Գյոնենջիին՝ իմանալ  Սըվազի նահանգի հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի հասցեն՝ նրան սպանելու համար:

Հայտնի է դարձել, որ Սըվազի հայերի առաջնորդի դեմ մահափորձ կազմակերպելու համար Իբրահիմ Շահինը կապի մեջ է եղել 12 հոգու հետ։

Հիշեցնենք, որ «Էրգենեկոն»-ը ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը: