Անցյալ տարի Լիբիայում հակամարտության ընթացքում մարտական անօդաչու թռչող սարքը «հետապնդել» ու «հեռահար խոցել էր» մարդկանց, առանց օպերատորի գիտության: Այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում:
Զոհերի մասին ոչինչ հայտնի չէ, բայց եթե հաստատվի, դա կլինի առաջին գրանցված սպանությունը ինքնավար ռոբոտ-մարդասպանի կողմից:
2020-ի մարտին տեղի ունեցած միջադեպի ժամանակ KARGU-2 քվադրոկոպտերը Լիբիայի կառավարական ուժերի եւ գեներալ Խալիֆա Հաֆթարի կողմից ղեկավարվող Լիբիական ազգային բանակի բախման ընթացքում ինքնավար հարձակվել էր մարդու վրա, հայտնում է Daily Star-ը:
Ըստ թերթի տվյալների՝ թուրքական արտադրության KARGU-2 մահաբեր հարվածային անօդաչուն, որը նախատեսված է ասիմետրիկ պատերազմի եւ հակաահաբեկչական գործողությունների համար, թիրախավորել էր Հաֆթարի զինվորներից մեկին, երբ նա փորձել էր փախչել:
New York Post-ի հաղորդմամբ՝ դրոնը, որը կարող է պայթել հարվածից, գործել է «շատ արդյունավետ» ինքնավար ռեժիմով, որը չի պահանջում մարդու միջամտություն:
Սա, հավանաբար, առաջին դեպքն է, երբ դրոնները մարդկանց գրոհում են առանց ցուցումների, զեկույցում հաստատել է ազգային անվտանգության հարցերով խորհրդատու Զակ Քելենբորնը, որը մասնագիտանում է անօդաչու համակարգերի եւ դրոնների հարցում։
Նա մտահոգություն է հայտնել ինքնավար անօդաչուների ապագայի վերաբերյալ: «Որքանո՞վ է փխրուն օբյեկտների ճանաչման համակարգը: Որքան հաճախ է այն սխալ ճանաչում նպատակները»:
Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի (RUSI) հետազոտող Ջեք Ուոթլինգը New Scientist-ին ասել է, որ միջադեպը ինքնավար զենքի հնարավոր կարգավորումը քննարկելու «հրատապ եւ կարեւոր» անհրաժեշտություն է ցույց տալիս:
Human Rights Watch-ը կոչ է արել վերջ դնել, այսպես կոչված, «մարդասպան ռոբոտներին» եւ պաշտպանել է «լիովին ինքնավար զենքի մշակման, արտադրության եւ օգտագործման կանխարգելիչ արգելքը», գրում է Business Insider-ը:





























