Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռոնոն` դեսպանության մշակութային կցորդ Ժան Պոլ Մարտենի, Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչներ Օլիվիե Մավիսոյի եւ Անտուան Անֆրեի հետ այսօր` հունիսի 25-ի առավոտյան այցելել է Էրեբունի հնավայր:
Այցելությունն ուներ ճանաչողական նշանակություն, սակայն դեսպանը նաեւ նպատակ ուներ ծանոթանալ 2008-2011թթ. հայ-ֆրանսիական համագործակցության քառամյա ծրագրի շրջանակում պեղումների վերջին շրջափուլն իրականացնող ֆրանսիական հնագիտական առաքելության աշխատանքի արդյունքներին:
Թեեւ 1950-ականներին մեկնարկած եւ գրեթե 3 տասնամյակ շարունակվող պեղումները լույս աշխարհ բերեցին Էրեբունի քաղաքի հատակագծում եռանկյունաձեւ միջնաբերդը` Խալդի աստծո մոնումենտալ տաճարով, Արգիշտի Ա-ի պալատական կառույցով, Սուսի տաճարով եւ տնտեսական նշանակության շենքերով, այնուհանդերձ Էրեբունին դեռեւս բացահայտման ու հետազոտությունների կարիք ունի:
Պեղումներով հայտնաբերված հարուստ հնագիտական նյութը` Ուրարտուի տնտեսության, կերպարվեստի ու քաղաքաշինության, մասնավորապես ամրաշինական, պաշտամունաքային ու պալատական ճարտարապետության, շինարվեստի, խեցեգործության եւ այլնի վերաբերյալ, կարիք ունի մանրամասն վերլուծության` մասնավորապես հնավայրի թվագրության հետ կապված ճշգրտումների տեսանկյունից:
Հնավայրում շրջայցից հետո Ֆրանսիայի Ա. Ռոնոն պատասխանելով լրագրողների հարցերին մասնավորապես նշել է, որ «Ֆրանսիան հպարտ է մասնակցելու նմանօրինակ գիտահետազոտական ձեռնարկների` հանուն հնագույն քաղաքակրթությունների բացահայտման եւ անաչառ մեկնաբանման»: Նա նաեւ վստահեցրել է, որ քառամյա ծրագիրը թեեւ այս հուլիսին ավարտվում է, բայց կունենա շարունակություն:
Արին բերդ բլրի գագաթից դիտելով Երեւանի համայնապատկերը, դեսպանը ափսոսանք է հայտնել, որ մայրաքաղաքում չի պահպանվել եւ շուրջ 3-հազարամյա ամրոցի բարձրունքից տեսանելի չէ հին Երեւանի եւ ոչ մի կտոր: Նա շեշտել է, որ այս համատեքստում առավել քան կարեւոր է դառնում Էրեբունիի` Երեւանի բնօրրանի պահպանության ապահովումը:



























