Թուրքիան տուն կուղարկի ռուս փորձագետներին, որոնք օգնում են С-400 համակարգերի շահագործման հարցում: Այս մասին Բրյուսելում հունիսի կեսին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման նախօրեին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Bloomberg-ը գրում է, որ այս հայտարարությունը ազդարարում է ԱՄՆ-ի մտահոգության մի տարրի վերաբերյալ փոխզիջման գնալու Անկարայի պատրաստակամության մասին: Վաշինգտոնը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռուսական անձնակազմի ներկայությունը երկրում, որն այնտեղ է ուսուցման եւ հրթիռներ հավաքելու հարցում օգնելու համար:

Չավուշօղլուի խոսքով՝ ռուս փորձագետների հեռանալուց հետո համակարգը կգտնվի Թուրքիայի վերահսկողության տակ: Միեւնույն ժամանակ, նա կրկնել է, որ Անկարան չի ենթարկվի ամերիկյան համապատասխան պատժամիջոցները վերացնելու համար С-400-ներից ազատվելու Վաշինգտոնի ավելի լայն պահանջին:

«С-400-ը կլինի մեր 100%-անոց վերահսկողության ներքո: Մենք շատ տեխնիկական մասնագետների ենք ուղարկել ուսումնառության: Ռուս ռազմական փորձագետները չեն մնա Թուրքիայում»,- Հունաստան կատարած այցի ժամանակ ասել է Չավուշօղլուն, հաղորդում է TRT-ն: Բայց նա մերժել է համակարգը շահագործման չենթարկելու ԱՄՆ-ի կոչերը:

Չավուշօղլուն ասել է նաեւ, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումից առաջ Վաշինգտոնում կամ Անկարայում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Ջո Բայդենը եւ ԱՄՆ Կոնգրեսը կոշտ դիրքորոշում են որդեգրել Թուրքիայի դեմ, մասամբ կապված ռուսական С-400 հրթիռների ձեռքբերման հետ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կարող են հետախուզական տեղեկություններ հավաքել արեւմտյան ռազմական կարողությունների, այդ թվում՝ Lockheed Martin Corp-ի մասին։