Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ըստ NEWS.am-ին տարբեր աղբյուրներից հասած տեղեկությունների, մտադիր է մեծամասնական ընտրակարգով կրկին առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Պատգամավոր դառնալու լուրջ մտադրություն, ինչպես բազմիցս գրվել է մամուլում, ունի նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):
Նա, ինչպես հայտնում են Էջմիածնի աղբյուրները, իր մտադրությունն իրականացնելու համար գործի է դնում ամեն հնար` փորձելով ստանալ իշխանությունների աջակցությունն ու համապատասխան քարոզչություն է անում իր օգտին: Այդ նպատակով, ըստ լուրեր, նա սկսել է կոմպանիա իրականացնել իր մրցակցի դեմ եւ իր շրջապատում հայտարարում է, թե Էջմիածնում տեղի ունեցող կրիմինալ ամեն մի գործողություն հովանավորվում է Կարեն Գրիգորյանի կողմից: Նույնն է անում նաեւ Էջմիածնի քաղաքապետը` իր հասցեին հնչեցված ամեն մի «մուտիլովկայի» հետեւում տեսնելով «Ճոյտի ականջները»:
Հակոբ Հակոբյանի հետ կապվել եւ վերոնշյալ տեղեկության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չհաջողվեց` նրա հեռախոսն անջատված է: Մինչդեռ Էջմիածնի քաղաքապետարանի տեղեկատվական հարցերով պատասխանատու Վարդան Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Կարեն Գրիգորյանը պատգամավոր դառնալու մտադություն չունի, քանի որ իրեն լավ է զգում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում: Նրա` պատգամավոր դառնալու մասին լուրերը, ըստ Վարդանյանի, «Հակոբյանն է իրեն ներշնչել»:
Նշենք, որ Հակոբ Հակոբյանի որդին` Արմեն Հակոբյանը, մոտ երկու ամիս առաջ անդրամագրվել է «Օրինաց երկիր» կուսակցությանը: Ըստ լուրերի` ՕԵԿ շարքերն անցնելու մասին է մտմտում նաեւ հայր Հակոբյանը:




























