Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների միջեւ վաղը կայանալիք հանդիպումն անցնելու է առանց ավելորդ լարվածության, ինչպես դա եղավ անցած տարի Երեւանում: Այդ մասին հոկտեմբերի 12-ին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում լրագրողներին հայտնել է մարզական լրագրող, նախկինում թուրքական «Ֆեներբախչե» ակումբի հայտնի խաղացող Զեքի Չոլը:

Թուրքական մարզադաշտի մոտ, որտեղ հայ լրագրողներին ներս թողեցին հատուկ թույլտվությամբ, «Բուրսասփոր» ակումբի բազմաթիվ երկրպագուներ էին հավաքվել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, վերջիններս հայ լրագրողներին ընդունել են բավական ջերմորեն: Նրանց խոսքով, վաղվա խաղի արդյունքը լինելու է բարեկամությունը: Երկրպագուները նաեւ հայտնել են, որ խաղի տոմսերը տարածվելու են անվճար: Սակայն, Չոլն այդ փաստը չի հաստատել: Չոլի խոսքով, տոմսերի մասով դեռ որեւէ տեղեկություն չկա: Թուրք լրագրողը նաեւ հայտնել է իր հայ գործընկերներին, որ մարզադաշտը տեղավորում է 35 հազար հանդիսական, սակայն լրագրողների մեծ թվի պատճառով երկրպագուների քանակը ստիպված են եղել կրճատել:

Լրագրողների դիտարկմանը, թե մարզադաշտում Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների նստատեղերը պաշտպանական ապակով ապահովված չեն, Չոլը խնդրել է չանհանգստանալ հայկական թիմի եւ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության համար: Նրա խոսքերով, արդեն երկրորդ օրն է, ինչ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արտահերթ նիստեր է գումարում՝ քննարկելով երկու երկրների հավաքականների հանդիպմանը վերաբերող հարցեր: Ի դեպ, Չոլը պատասխանել է հայ լրագրողների հարցերին՝ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի առանձին կարգադրությամբ: