Ականջակալները լավ վիճակում պահելու համար անհրաժեշտ է պարբերաբար մաքրել դրանք եւ չանտեսել պաշտպանիչ աքսեսուարները, հայտնել է Hi-Tech Mail.ru-ն:
Ականջակալներն ավելի դանդաղ են հնանում, քան այլ տեխնիկաները, քանի որ որակյալ հնչողությունը չի կարող դադարել արդիական լինել: «Այնուամենայնիվ, դրանք կարող են շատ ավելի շուտ կոտրվել կամ կորցնել արտաքին լավ տեսքը», - նշել են հեղինակները: Լարային ականջակալների դեպքում փորձագետները խորհուրդ են տալիս խնամքով փաթաթել լարը եւ խուսափել դրա խճճվելուց: Խորհուրդ է տրվում նաեւ ամրացնել լարի վրա այն հատվածը, որտեղ այն միանում է ականջակալին՝ հատուկ աքսեսուարների կամ սովորական ջերմային նեղացման միջոցով:
Բոլոր տեսակի ականջակալների դեպքում լրագրողները խորհուրդ են տալիս ականջակալը պահել պատյանում, որը սովորաբար սարքավորման հետ միասին է վաճառվում: «Պատյանը կպաշտպանի ականջակալները փոշուց, մեխանիկական վնասներից եւ նույնիսկ հարվածներից», - պարզաբանել են հեղինակները: Անլար ականջակալները չի կարելի երկար ժամանակ թողնել լիցքաթափված մարտկոցով, ինչը կարող է լուրջ վնաս հասցնել մարտկոցին: Ականջակալների «կյանքը երկարացնելու» այս մեթոդը լրագրողներն անվանել են հիմնականը:
Որպեսզի ականջակալները հնարավորինս երկար պահպանեն իրենց տեսքը, անհրաժեշտ է դրանք պարբերաբար մաքրել սովորական խոնավ շորով, ջրածնի պերօքսիդով կամ հատուկ լուծույթներով: Մասամբ կաշվից պատրաստված սարքերի համար կարող է օգտագործվել հատուկ կոնդիցիոներ: «Խոնավադիմացկուն ականջակալները տեսականորեն կարելի է լվանալ ծորակի տակ, սակայն ոչ շատ երկար ժամանակ», - ասվում է հոդվածում:





























