Չինական յուանը հիմնական պահուստային արժույթ կդառնա ավելի վաղ, քան սպասվում էր: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի միլիարդատեր, աշխարհի խոշորագույն Bridgewater Associated հեջ-ֆոնդի հիմնադիր Ռեյ Դալիոն:
Նրա խոսքով՝ թվային յուանը կլինի ավելի մրցունակ, քան թվային դոլարը: Նա նշել է, որ վաղ թե ուշ ԱՄՆ-ը թվային դոլարներ կթողարկի, եւ «այն հաստատ կենսունակ կլինի»: Բայց այն չի լինի ամենամրցունակը, քանի որ դրա արժեքը կարող է նվազել ԱՄՆ-ի պարտքի աճի պատճառով, հավելել է նա:
Մյուս կողմից, թվային յուանը ավելի մրցունակ կլինի գնի եւ շահութաբերության տեսանկյունից, ասել է Դալիոն: Դա «շատ կենսունակ այլընտրանք» կլինի շատ ներդրողների համար, եթե ընդունվի միջազգային մակարդակում եւ ուղեկցվի գրավիչ տոկոսադրույքներով, ասել է նա:
Դալիոն ակնկալում է նաեւ, որ չինական յուանը հիմնական պահուստային արժույթ կդառնա ավելի վաղ, քան սպասվում էր:
Ներկայումս Չինաստանը աշխարհի ամենամեծ առեւտրային երկիրն է, ինչը նշանակում է, որ այն առաջին տեղն է զբաղեցնում արտահանմամբ եւ ներմուծմամբ: Դալիոն ակնկալում է, որ ավելի շատ առեւտրային եւ ֆինանսական գործարքներ կիրականացվեն յուանով:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների համաձայն՝ ներկայումս դոլարը աշխարհի խոշորագույն պահուստային արժույթն է՝ գրեթե 60% մասնաբաժնով: Ըստ ԱՄՀ-ի, ներկայումս չինական յուանի մասնաբաժինը կազմում է մոտ 2%՝ եվրոյից, ճապոնական իենից եւ բրիտանական ֆունտից հետո: Բայց Դալիոն ակնկալում է, որ 5-10 տարվա ընթացքում յուանի մասնաբաժինը կաճի մինչեւ մոտավորապես 10-15%:
Ավելի քան վեց տարվա հետազոտություններից ու մշակումներից հետո Չինաստանը մոտենում է իր թվային յուանի թողարկմանը, հայտնում է The Block-ը: Մյուս կողմից, ԱՄՆ-ը միայն վերջերս է սկսել ուսումնասիրել իր արժույթի թվային տարբերակ ստեղծելու գաղափարը: Այս ամառ Դաշնային պահուստային համակարգը նախատեսում է հրատարակել քննարկումների փաստաթուղթ` թվային դոլարի հավանական թողարկման վերաբերյալ:
Հարցազրույցում Դալիոն նաեւ ասել է, որ թվային յուանը կմրցակցի բիթքոինի՝ «այլընտրանքային արժույթի» հետ: Բայց թվային յուանը ամբողջությամբ չի գրավի կրիպտոարժույթի շուկան, ասել է նա: «Երբեք ոչ մի բանը ամբողջովին չի տիրանում»:





























