Իսրայելը պետք է խանգարի Իրանին միջուկային զենք ձեռք բերել՝ նույնիսկ Բայդենի վարչակազմի հետ լարվածության գնով: Այս մասին հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ ներկայացնելով «Մոսադ»-ի նոր ղեկավարին, հաղորդել է Axios-ը:
ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի մասին համաձայնագրից հետո, վերջին օրերին Նեթանյահուն ուժեղացրել է Իրանի վերաբերյալ իր հռետորաբանությունը, իսկ նրան վարչապետի պաշտոնից հեռացնելու համար մրցակիցները փորձում են կոալիցիա ձեւավորել:
«Իրանական միջուկային ռումբը վտանգ է ներկայացնում սիոնիստական նախագծի շարունակության համար, եւ մենք պետք է անխոնջ պայքարենք դրա դեմ: Եթե պետք է ընտրություն կատարենք մեր մեծ ընկերոջ` ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածության եւ գոյության սպառնալիքը վերացնելու միջեւ, ապա սպառնալիքի վերացումը կլինի առաջնահերթություն», - ասել է Նեթանյահուն: Նա շեշտել է, որ նախագահ Բայդենին ասել է այն մասին, որ Իսրայելը շարունակելու է ջանքերը՝ թույլ չտալու համար Իրանին միջուկային զենք ձեռք բերել՝ միջուկային գործարքով կամ առանց դրա: «Զսպումը տարբերակ չէ», - նշել է Նեթանյահուն:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը քննադատել է Նեթանյահուին իր խոսքերի համար եւ ասել, որ վերջինս վնաս է հասցնում Բայդենի վարչակազմի հետ Իսրայելի հարաբերություններին:
«Բայդենի վարչակազմը Իսրայելի իսկական ընկերն է, եւ Իսրայելը ԱՄՆ-ից ավելի լավ գործընկեր չի ունենա: Եթե տարաձայնություններ առաջանան, դրանք կլուծվեն փակ սենյակներում ուղղակի բանակցությունների միջոցով, այլ ոչ թե սադրիչ հռետորաբանության միջոցով, որը կարող է վնասել Իսրայելի անվտանգությանը», - ասել է Գանցը, որը այս շաբաթվա վերջին մտադիր է այցելել Վաշինգտոն՝ հանդիպելու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ:
Սպասվում է, որ բանակցությունների հիմնական թեման է լինելու ԱՄՆ ռազմական արտակարգ օգնությունը՝ Իսրայելի «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը համալրելու եւ Իսրայելի ռազմաօդային ուժերին նոր զինամթերք մատակարարելու համար:
Մի քանի դեմոկրատ սենատորներ եւ Կոնգրեսի անդամներ մտահոգություն են հայտնել Գազայում տեղի ունեցած մարտերից հետո Իսրայելին զենքի լրացուցիչ վաճառքի կապակցությամբ:





























