Հայկական դրամի նկատմամբ դոլարի աճի հետ կապված` Երեւանում բնակարանների գներն աճել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց անշարժ գույքի գործակալություններից մեկի աշխատակից Արմանը (մեր զրուցակցի խնդրանքով ազգանունը չենք նշում): Շուկայում ակտիվություն, նրա խոսքով, նկատվում է արդեն երկու ամիս (սկսած մարտից):
«Գների աճն ավելի շատ կապված է բնակարանների վարձակալության հետ, ինչը կապված է նաեւ զբոսաշրջային ակտիվության հետ: Ոմանք շտապ վաճառում են անշարժ գույքը եւ 10-15 հազար դոլարով իջեցնում են գինը: Իսկ այսպես, բնակարանների գները միջինը աճել են 5-6 հազար դոլարով: Գնորդները հիմնականում արտերկրից են: 2020-ի վերջին Երեւանի կենտրոնում նորակառույց շենքերի մեկ քառակուսի մետրի գները 600 դոլարի մակարդակի վրա էին, իսկ այժմ դրանք աճել են մինչեւ 800-900 դոլար»,- նշեց նա: «Կոմերցիոն անշարժ գույք» հատվածում գները գործնականում մնացել են անփոփոխ: «Հիմա դրանք մեծ մասամբ պահանջարկ ունեն այն պատճառով, որ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ակտիվորեն նախընտրական շտաբեր են բացում:
Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա դեռ շատ դժվար է որեւէ բան ասել: Պետք է սպասել մինչ ընտրությունների ավարտը»,- հավելեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով մարզերում գներին՝ նա տեղեկություններ հաղորդեց Կոտայքի մարզի մասին՝ բացատրելով, որ այստեղ նույնպես բնակարանների վաճառքի գներն աճել են, բայց արդեն 2-3 հազար դոլարով: «Այստեղ նույնպես բնակարանների վարձակալության գները բարձրացել են»,- եզրափակեց գործակալության աշխատակիցը:




























