ՕՊԵԿ-ը եւ դաշնակից արտադրող երկրները հաստատել են օրական 2,1 միլիոն բարել արդյունահանումը վերականգնելու իրենց ծրագրերը, հաղորդում է AP-ն: Էներգետիկայի նախարարները որոշումը կայացրել են երեքշաբթի օրը կայացած առցանց հանդիպման ժամանակ:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը նշել է, թե շուկայի վերջին իրադարձություններն ապացուցել են, որ արտադրությունն աստիճանաբար ավելացնելու ապրիլին կայացրած որոշումը «ճիշտ էր»: Նրա խոսքով՝ հորիզոնում դեռ «ամպեր» կան՝ վերականգնման եւ էներգիայի պահանջարկի հետ կապված:

Հանդիպման մասնակիցները հաստատել են մայիսից հուլիս օրական արտադրությունը մինչեւ 2,1 միլիոն բարել ավելացնելու մասին ավելի վաղ ընդունված որոշումները: Միեւնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան կամավոր կրճատումների ծավալն աստիճանաբար ավելացնում է 1 միլիոն բարելով՝ գերազանցելով խմբի պարտավորությունները: