Եթե Վանեցյանի նման մի 7-8  հոգի էլ կանգնեին, ասեին, արա, կանգ առ, մենք էսօր էս ողբերգության առաջ չէինք կանգնի: Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանն ասել է  ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Արթուր Վանեցյանին  չեմ ճանաչել անձամբ մինչեւ մի 6-7 ամիս առաջ: Մի անգամ եմ ընդհանուր միջոցառման ժամանակ տեսել Վանեցյանին ընդհանուրի մեջ, բայց ես հեռակա ծանոթ եմ իր կենսագրությանը, ծանոթ եմ իր գործողություններին: Հիմա այսպես ասած կոալիցիայում չենք, որ ես իրեն գովեմ, բայց անկեղծորեն ձեզ ասում եմ, որ շատ սուր միջոցառումներում  օպեր աշխատող Վանեցյանը, բաժնի պետ Վանեցյանը իրեն դրսեւորել է  տղամարդու պես: Իսկ ինչո՞ւ չպիտի կազմեինք Վանեցյանի հետ կոալիցիա, որովհետեւ ինքն աշխատել է էս կապիտուլյանտի հետ: Իմ կարծիքով Վանեցյանն էլ ուրիշների պես ցանկացել է փոփոխություն էս երկրում, ուրիշների պես ինքն էլ է խաբված եղել, իրեն թվացել է, որ գնացին, Կառավարություն կազմեցին, միանգամից Հայաստանը դարձնելու են դրախտ: Բայց էդ մարդը գնաց, աշխատեց մի տարուց մի քիչ ավել, հասկացավ, որ բոլորովին ուրիշ միջավայր է ընկել եւ առաջինը ընդվզեց: Ես կարծում եմ, որ դա արժանիք է: Մարդը հասկացել է, ու հրապարակավ ասել է, արա, կանգ առ, էս երկիրը տանում ես կործանման:  Իսկ եթե Վանեցյանի նման մի 7-8  հոգի էլ կանգնեին, ասեին, արա, կանգ առ, մենք էսօր էս ողբերգության առաջ չէինք կանգնի:Այսօր ինձ համար հաճելի է իր հետ աշխատելը, հատկապես, որ մենք շատ հարցերի շուրջ միանման ենք մտածում»,-ասաց նա: